Շուշան Պետրոսյանը Նոր տարին դիմավորելու է «հեքիաթային՝ Ձմեռ պապին սպասելով»
«Ակնկալիքների հետ կապված՝ չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ ինձ այդ հարցը տալ, որովհետև ես ուղղակի շատ լավատես մարդ եմ»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով 2016 թվականից ունեցած իր ակնկալիքների մասին՝ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Երգչուհու հիմնական ակնկալիքն այն է, որ Նոր տարին նոր շունչ կբերի, ոգեղենն ավելի կհարստացնի, կարթնացնի սերը, սիրելու ունակությունը. «Հուսով եմ՝ լավ տարի կլինի, նոր լավ ծրագրեր կիրականացնեմ, և թող հօգուտ մեր երկրի աստվածահաճո բոլոր ծրագրերն իրականանան: Որպես մայր՝ ուզում եմ երեխաներս հաջողություն ունենան ուսման մեջ և առողջ լինեն: Երանի գա այն օրը, երբ որևէ վատ լուր, որևէ դառնություն չզգան աշխարհի բոլոր հայերը»:
Հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում դիմավորել Նոր տարին, Շ. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Ինչպես միշտ՝ հեքիաթային՝ Ձմեռ պապին սպասելով, նվերներ, համեղ ուտեստներ պատրաստելով, ինչպես միշտ՝ ընտանիքով»: Նա նաև նշեց, որ Նոր տարին դիմավորելու են Երևանում:
Երգչուհու գնահատմամբ՝ սա շատ ջերմ, լավ տոն է: Նա նշեց, որ ինքը շատ լավ խոհանոց ունի և շատ լավ պատրաստում է. «Շատ սիրում եմ այդ ընտանեկան հյուրասիրությունը, և այլն: Ընկերներս, որոնք միշտ գալիս են մեր տուն շնորհավորելու, միշտ հարցնում են՝ «այսինչը սարքելո՞ւ ես, այնինչը սարքելո՞ւ ես», և ես ամեն տարի փորձում եմ ինչ-որ նոր բան պատրաստել, որպեսզի նոր անակնկալ մատուցեմ»: Հարցին՝ կոնկրետ ի՞նչ ուտեստներ կարելի է ամեն տարի տեսնել Ձեր տան ամանորյա սեղանին՝ Շ. Պետրոսյանն այսպես պատասխանեց. «Շատ-շատ աղցաններ, միսը՝ սարքված ոչ ավանդական բուդի չափանիշներով, այլ գինու մեջ և այլ ձևերով, և այլն»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: