«Այդ 27 ստորագրություն հավաքող ուժերը հասկանում են, որ պետք է շատ բարձր գոռալ, շատ բարձր քննադատել, որպեսզի 2017 թվականին թեթևակի շանս ունենան խորհրդարանում հայտնվելու համար». Վահան Բաբայան

«Այն ուժերը, որոնք բարձրաձայնում են տոտալ ընտրակեղծիքների մասին, պետք է գոնե ունենան էլեմետար հաշվարկելու հնարավորություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  խոսելով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին՝ նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:

Նա նկատեց, որ փաստացի տվյալներ կան թվով 78 տեղամասերում տեղի ունեցող բողոքարկման գործընթացների վերաբերյալ, և նրա խոսքով՝ եթե նույնիսկ այդ 78 տեղամասերում տեղի են ունեցել 100 տոկոսանոց խախտումներ, ու այնտեղ 1000 ձայն կեղծվել է ու «ոչ» է եղել, անհնար է, որ դա ազդի հանրաքվեի արդյունքների վրա.

«Ստացվում է՝ մարդիկ չունենալով այնքան ռեսուրս, որ պահպանեն իրենց ձայները, չունենալով այնքան մարդկային ռեսուրսներ, որ ունենան մարդիկ բոլոր ընտրատեղամասերում, մի քանի տեղամասերում ստեղծված խնդիրը դարձրեցին միջազգային սկանդալ, սկսեցին ցույցեր անել, բայց քանի որ հասարակությունն այդ ամենը շատ լավ հասկանում է, այդ դեմ ձայների նույնիսկ 10 տոկոսը չեկավ պայքարելու, որովհետև հասկացավ, որ հրապակարում կանգնած է արձակուրդային ընդդիմությունը»:

Վ. Բաբայանի խոսքով՝ այդ 27 ստորագրություն հավաքող ուժերն այդ ստորագրությունները հավաքում էին՝ հասկանալով, որ առջևում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, և «պետք է շատ բարձր գոռալ, շատ բարձր քննադատել, որպեսզի 2017 թվականին իրենք թեթևակի շանս ունենան հայտնվելու խորհրդարանում»: «Սա նախընտրական քարոզարշավի չստացված մեկնարկ է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս