
Վարչապետը հանձնարարել է 1.4 մլն եվրոյի օգտագործման գործընթացը թափանցիկ անցկացնել

Գործադիրը այսօր հավանություն է տվել Գերմանիայի KfW զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում» վարկային ծրագրի շրջանակներում տնտեսված միջոցների օգտագործման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման՝ 2009թ. հունվարի 30-ին ՀՀ կառավարության, գերմանական KfW բանկի և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված «Գյումրի-2» ենթակայանի վերականգնում վարկի տրամադրման և ծրագրի ֆինանսավորման պայմանագրի շրջանակում ամբողջ ծավալով ավարտվել են «Գյումրի-2» 220 կՎ ենթակայանի շինարարական, մոնտաժային և կարգաբերման աշխատանքները և 2014թ. փետրվարին սարքավորումները դրվել են լարման տակ:
Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսվել է 1 471 263,59 եվրո գումար, որի շրջանակում առաջարկվում է ձեռք բերել ենթակայանի անխափան շահագործման ու պահպանման համար անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներ (վերամբարձ կռունկներ, հենահարթակով ամբարձիչներ և այլն) և պահեստամասեր: Անդրադառնալով հարցին՝ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է գործընթացն անցկացնել թափանցիկ: