«Հիմա մի ծրագիր են սկսում ԵՄ շրջանակում, որ Հայաստանում խրախուսվեն հավաքման արտադրությունները». Գագիկ Մակարյան

«ԵՏՄ- ում որոշակի առաջխաղացում գուցե կա ներմուծումների մասով՝ Ռուսաստանից Հայաստան։ Բնակչության տեսանկյունից եթե նայենք, ապա ավելի էժան գներով են կարողանում որոշ ապրանքներ բերել, որը պայմանավորված է ռուսական ռուբլու՝ բավականին ուժեղ ինֆլյացիայի ենթարկելով: Հայաստանում դրամը զսպված վիճակում է մնում, ինչն էլ նպաստում է, որ դեպի Հայաստան եկող ապրանքներն էժան գնով հեշտ թափանցեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նշեց, որ եթե Ղազախստանն իր դրամն արժեզրկեց, որպեսզի կարողանա դիմակայել ու պահպանել իր տնտեսությունը, Հայաստանը դա չի կարող անել, որովհետև ըստ նրա՝ մենք ունենք սոցիալական շատ խնդիրներ, որոնք կաշկանդում են կառավարությանն ու Կենտրոնական բանկին՝ նման համարձակ քայլի գնալ:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի հետագա գործընթացներին, ապա, ըստ տնտեսագետի՝ ԵՏՄ-ի մեջ ձգտելու են, որ լինի առևտրի ազատականացված ռեժիմ. «Այսինքն՝ քվոտավորման գաղափարախոսությունը չեն զարգացնելու Մաքսային միության երկրների միջև, հակառակը՝ երրորդ երկրների նկատմամբ կա ենթադրություն, որ կկիրառվեն որոշակի քվոտավորման ռեժիմներ: Այսինքն՝ խնդիրը հասնելու է նրան, որ որքան հնարավոր է ՄՄ անդամ երկրների միջև խրախուսվի փոխադարձ առևտուրը: Հայաստանն այստեղ որոշակի խնդիր ունի, որովհետև ներմուծվող ապրանքների մեծ մասը բերվում են ԵՄ երկրներից։ Հետևաբար՝ պետք է տեսնել, թե դրանց նկատմամբ, եթե ապագայում որոշակի տեսակետներ լինեն, ապա ինչքանո՞վ դրանք օգտակար կլինեն մեր տնտեսությանը, հավասար մրցակցությանը, գների, որակի առումով համապատասխանությանը, և այլն»:

Գ. Մակարյանը նշեց՝ հիմա մի ծրագիր են սկսում ԵՄ շրջանակում, որ Հայաստանում խրախուսվեն հավաքման արտադրությունները. «Դա շատ լավ տարբերակ կլինի Հայաստանի համար, եթե մենք հավաքման արտադրություններ զարգացնենք և թեկուզ եվրոպական կիսապատրաստուկների վրա ստեղծենք եվրոպական որակին համապատասխան արտադրանքներ, դրանք կլինեն ավելի էժան, քանի որ հայկական աշխատուժն էժան է, և հարկերն ավելի ցածր են, հետևաբար՝ այդ ապրանքները կարող են լինել մրցունակ՝ ՄՄ երկրներ արտահանելու համար: Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք այսօր կարիք ունեն ԵՄ սարքավորումների, տեխնիկայի, էլեկտրոնիկայի կամ այլ ոլորտների արտադրանքների, որոնք ռուսական, բելառուսական, ղազախական արտադրողները չեն բավարարի, այս լուծումը կարող է տալ Հայաստանում հավաքման արտադրությունների կազմակերպումը»:

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի մեջ մեզ համար դրական մեծ տեղաշարժերին, ապա, ըստ տնտեսագետի՝ դրանք չկան. «Ռուսաստանի շուկայի վատ վիճակը դեռևս մեծ հույսեր չի առաջացնում, դուք տեսաք՝ ինչքան տուժեցին մեր արտահանողները, և հիմա նաև՝ ներքին արտադրողները: Օրինակ՝ ապակյա տարաներ արտադրող երկու գործարան դադարել են գործել, քանի որ տարաների ներմուծումն էժան է: Դրան գումարվեց նաև այն, որ արտահանողները ֆինանսապես տուժեցին: Բայց ռուսական տնտեսության վիճակն առողջանում է, AMF-ի վերջին գնահատականները հետևյալն են՝ եթե այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը -3.6% է, ապա մյուս տարի կլինի -0.6%, իսկ 2017թ. կլինի +1%, այսինքն՝ առողջացում կգնա, որը Հայաստանի համար դրական կլինի այն առումով, որ տրանսֆերտների մակարդակը կբարձրանա, շուկան կառողջանա, և առևտուրը կխրախուսվի: Իսկ ԵՄ տնտեսական աճը լինելու է ցածր՝ 1.3-1.6%, այսինքն՝ սա էլ կարող է խնդիր առաջացնել Հայաստանի համար, որովհետև եթե մեր ներմուծումների մի մասը կախված է Եվրոպայից կամ մեր որոշ արտահանումները, ապա այստեղ մենք կարող ենք խնդիրներ ունենալ: Ամերիկայի տնտեսությունը բավականին լավ աճ կունենա, և իր մասշտաբների մեջ եկող տարի լինելու է 2.2% տնտեսական աճ, բայց ԱՄՆ-ի հետ մենք թույլ ենք աշխատում»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս