Բաժիններ՝

«Պատրաստվում ենք «Kildim» մուլտֆիլմի նոր սերիայի թողարկմանը». Դավիթ Սահակյանց

Այսօր լրագրողների հետ անցնող տարին ամփոփեց մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը: Նա հայտնեց, որ 2015-ին լիովին ամփոփվեցին այն ամենը, ինչ կապված էր «Անահիտ» մուլտֆիլմի հետ, որը տարվա ընթացքում բազմաթիվ ցուցադրություններ ունեցավ Հայաստանի տարբեր մարզերում, Արցախում, ինչպես նաև ֆրանսիայի հարավային չորս հայաշատ քաղաքներում. «Ֆրանսիական ցուցադրումները մեզ համար առանձնակի կարևոր էին, որովհետև ուզում էինք հասկանալ նաև Սփյուռքում ապրող հայրենակիցների և հատկապես՝ երեխաների կարծիքը ֆիլմի մասին: Փառք Աստծո, այն շատ լավ ընդունվեց և հիմա մենք արդեն պայմանավորվածություն ունենք ֆրանսիական կողմի հետ՝ թարգմանելու «Անահիտ» մուլտֆիլմն արդեն ֆրանսերեն ենթագրերով՝ պահպանելով բնագիրը: Ֆրանսիայում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն կունենան նայելու ֆիլմը երկու լեզվով»:

Դավիթ Սահակյանցը նշեց, որ «Անահիտ» անիմացիոն շարժանկարն առաջին անգամ հեռուստատեսությամբ կցուցադրվի դեկտեմբերի 31-ին՝ Հանրային հեռուստատեսության եթերում:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն անցնող տարին արժևորեց նաև նոր կենտրոնի համար նախատեսված տարածքի ձեռքբերմամբ, որին իրենք սպասում էին արդեն երկար ժամանակ: Մշակութային կենտրոնը տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, կգործի հատուկ կազմված ծրագրով, որտեղ պարբերաբար կցուցադրվեն անիմացիոն աշխատանքներ, ինչպես նաև կենտրոն հաճախող երեխաները հնարավորություն կունենան սովորելու մուլտաշխարհի գաղտնիքները՝ պրակտիկ կիրառության մեջ օգտագործելով նաև իրենց ստացած գիտելիքները:

Անդրադառնալով հանրության կողմից մեծ արձագանք ու համակրանք վայելող «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընի» կողմից նկարահանվող «Kildim» մուլտֆիլմի շարքին՝ Դավիթ Սահակյանցը նշեց. «Մենք մտածված դադար ենք վերցրել, հաշվի առնելով վերջին ամիսների սահմանային լարված իրավիճակը, բայց այս շարքի երկրպագուներին պետք է ուրախացնեմ՝ ասելով, որ պատրաստվում ենք նոր սերիայի թողարկմանը: «Kildim» մուլտֆիլմի շարքն ապացույցն է այն փաստի, որ մենք մեր ստեղծագործական թիմով հաճախ ենք անդրադառնում նաև այնպիսի նախագծերի, որոնք իրենցից ֆինանսական բնույթի շահ չեն հետապնդում, սակայն սա այն դեպքն է, երբ այս շարքի արձագանքները տալիս են ավելի մեծ «շահույթ», քան կարելի էր հետապնդել զուտ նյութական տեսակետից»:

Կարդացեք նաև

Kildim 1 Kildim 2

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ նաև արդեն ավարտին մոտեցող Վարազդատ արքայի հանրահայտ հաղթանակի մասին պատմող կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի աշխատանքներին, որը կոչվում է «Օլիմպիկոս»՝ համանուն հեքիաթի հիման վրա: Ըստ հեղինակի՝ անավարտ է մնացել ֆիլմի միայն երաժշտական և ձայնային մասը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս