«ԲՀԿ-ի համար փորձությունների տարի էր, մենք պետք է անցյալի դասերը, սխալները հաշվի առնենք»
«Մենք, ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ունեցանք ծանր տարի, ու մեր ժողովուրդը դրա համար վճարում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2015 թվականը՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Նրա խոսքով՝ մենք մեզ համարում ենք տաղանդավոր ժողովուրդ, այդ տաղանդը բացահայտվում է սպորտի, գիտության և այլ բնագավառներում. «Այդ ի՞նչ խնդիր է, որ այդ տաղանդը չի երևում սոցիալ-տնտեսական ոլորտում: Այդ առումով պետք է անկեղծ լինել, Հայաստանը փոքր տնտեսական երկիր է, ու նրա տնտեսության 50 տոկոսը պայմանավորված է դրսի, հատկապես՝ Ռուսաստանի տնտեսությամբ: Մեր տնտեսության դիմադրողականությունը շատ վատ է, ու ռուսական ռուբլու արժեզրկումն ազդեց մեր վրա»:
Մ. Մելքումյանի գնահատմամբ՝ այնպես չէ, որ կառավարությունը ոչինչ չի անում, չի աշխատում: Ըստ նրա՝ բավականին լավ օրենքներ, հարկային արտոնություններ կան. «Բայց բոլոր տնտեսական բարի նպատակներով կառավարության ջանքերը, տնտեսական գործիքներն ամրագրված չեն քաղաքական միջոցառումներով»:
Հարցին՝ ինչպիսի՞ն էր տարին ԲՀԿ-ի համար՝ հաշվի առնելով փետրվարյան իրադարձությունները, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «ԲՀԿ-ի համար փորձությունների տարի էր, իհարկե, մենք պետք է անցյալի դասերը, սխալները, բացթողումները հաշվի առնենք, հեշտ չէր ԲՀԿ-ի համար, քաղաքականությունը հնարավորությունների արվեստ է: Մենք պետք է կարողանանք Հայաստանում ապահովել քաղաքական մրցակցային հարաբերությունների միջավայր: ԲՀԿ-ն ունի իր ծրագրային դրույթները, իր մոտեցումները, մենք պահպանեցինք մեր դիմագիծը»:
Դիտարկմանը՝ երբ Տիգրան Սարգսյանն էր վարչապետը, քննադատում էիք նրա ներկայացրած բյուջեն, հիմա Հովիկ Աբրահամյանի դեպքում կողմ քվեարկեցիք, ԲՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. «Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում: Հետևաբար՝ պետք է հասկանալ, որ դիմագիծը պայմանավորված է ծրագրային դրույթներով: Հովիկ Աբրահամյանին ինչ օրենքների նախագծեր ներկայացրել ենք, հարցադրումներ անում ենք, հստակ ընդունում է»:
Այն դիտարկմանն էլ, թե փետրվարյան իրադարձությունների ժամանակ ԲՀԿ-ն ասում էր՝ պետք է հրաժարվենք այս իշխանություններից, երկու ամիս հետո նույն իշխանությունը մնաց, ԲՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը, Մ. Մելքումյանն այսպես պատասխանեց. «ԲՀԿ-ն արեց այն, ինչ պետք է աներ: Մի հետաքրքիր էպիզոդ պետք է պատմեմ. գյուղում մի մարդ նույն հարցը տվեց, ես ասացի՝ փետրվարին դու ո՞ւր էիր, ասում է՝ տանը՝ նստած, ասում եմ՝ պատրա՞ստ էիք՝ մի երկու-երեք հոգով գայիք Բաղրամյանում զոհվեիք, ասում է՝ ոչ: Կարծում եք՝ Հայաստանում պայման կա՞ փողոցից գալ իշխանության: Հավատացնում եմ, որ փողոցից չեք կարող գալ իշխանության»: