Պուտինի ռեժիմը 10 տարում կփլուզվի. Խոդորկովսկի
Վլադիմիր Պուտինի ռեժիմը Ռուսաստանում կփոխվի 10 տարուց ոչ ուշ, BBC-ի հետ զրույցում հայտարարել է ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին:
«Այսօր իշխանությունը փոխելու խնդիրը չափազանց լավատեսական է թվում, սակայն ես վստահ եմ, որ 10 տարի էլ չի անցնի, ինչ այդ ռեժիմը կփոխվի, ու իմ ջանքերն այդ ուղղությամբ վերջին դերը չեն խաղա: Իմ խնդիրն է հիմա օգնել Ռուսաստանի երիտասարդ քաղաքական ակտիվիստներին հավաքել անհրաժեշտ փորձ ու հասարակությանը ներկայանալ որպես այլընտրանք ներկայիս ռեժիմին»,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ Պուտինի ռեժիմը բախվել է մի շարք սպառնալիքների՝ հակամարտություններ Սիրիայում ու Ուկրաինայում, տնտեսական քաղաքականության ձախողում: Այդ պայմաններում «ավելանալու է բյուրոկրատական ապարատից փախուստի դիմողների թիվը»:
Հիշեցնենք, որ Մոսկվայի դատարանը որոշում է կայացրել հեռակա կարգով կալանավորել Խոդորկովսկուն:
ՅՈՒԿՕՍ ընկերության նախկին սեփականատիրոջ նկատմամբ նաև միջազգային հետախուզում է հայտարարվել: