«Արարատը» կխաղա «Նյու Յորք Կոսմոսի» հետ
2016 թվականի փետրվարի 14-ին «Արարատը» կմեկնի ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ, որտեղ մինչև փետրվարի 24-ը կանցկացվի մեր թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքը. գրված է ակումբի պաշտոնական կայքում:
Նախատեսված են երեք ստուգողական հանդիպումներ: Փետրվարի 18-ին «Արարատը» կխաղա PDL-ում հանդես եկող «Ֆրեզնո Ֆուեգո» թիմի հետ:
Փետրվարի 20-ին «Արարատը» կհանդիպի NASL-ի հաղթող «Նյու Յորք Կոսմոսին», որի կազմում մինչև վերջերս հանդես էին գալիս լեգենդար իսպանացի հարձակվող Ռաուլը և Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Մարկոս Սենան: Ամերիկյան թիմում կան նաև հայազգի ներկայացուցիչներ: Գլխավոր մարզչի օգնականն է ԱՄՆ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը, թիմում հանդես է գալիս կիսապաշտպան Հակոբ Չիրիշյանը: Ժամանակին «Նյու Յորք Կոսմոսի» գույներն էին պաշտպանում լեգենդար Պելեն և Ֆրանց Բեկենբաուերը:
Իսկանդարյանն անհամբերությամբ է սպասում «Արարատի» հետ հանդիպմանը:
«Անհամբերությամբ եմ սպասում «Արարատի» հետ հանդիպմանը: Ֆուտբոլն իր ուրույն տեղն է զբաղեցնում հայկական մշակույթում: Վստահ եմ, որ առաջիկա խաղն անտարբեր չի թողնի հայկական համայնքի ներկայացուցիչներին»,- նշել է Իսկանդարյանը:
«Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը և թիմի ռմբարկու Գևորգ Նռանյանը նույնպես իրենց կարծիքն են հայտնել «Նյու Յորք Կոսմոսի» հետ կայանալիք խաղի վերաբերյալ:
««Նյու Յորք Կոսմոսի» հետ խաղը կարևոր նշանակություն ունի մեզ համար: Կկարողանանք փորձել մեր ուժերը որակյալ մրցակցի հետ խաղում, որը հաղթել է NASL-ում, և որի կազմում հանդես էին գալիս համաշխարհային մեծության աստղեր: Պատրաստվելու ենք ամենայն լրջությամբ»,- ընդգծել է Վարուժան Սուքիասյանը:
«Կարծում եմ, որ մեզ շատ հետաքրքիր խաղ է սպասվում: Հանդիպելու ենք բավականին ուժեղ մրցակցի հետ, ինչը, անկասկած լավ փորձ կլինի մեզ համար»,- իր հերթին՝ նշել է Գևորգ Նռանյանը:
Խաղը կկայանա Կալիֆոռնիայի Գլենդորա քաղաքի «Citrus College Stadium» մարզադաշտում և կմեկնարկի տեղական ժամանակով 19:00-ին: Երրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 23-ին: Մրցակցի անունը դեռ հայտնի չէ:
Սիրարփի Աղաբաբյան