Վրաստանի վարչապետը հանդես կգա արտակարգ ճեպազրույցով՝ հայտարարելով հրաժարականի մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի արտակարգ ճեպազրույցը տեղի կունենա Վրաստանի ժամանակով ժ. 20:00-ին: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի կառավարության մամլո ծառայությանը:
Մամլո ծառայությունը չի հայտնել, թե ինչի մասին է հայտարարելու Ղարիբաշվիլին, սակայն ենթադրվում է, որ Վրաստանի վարչապետը կհայտարարի հրաժարական ներկայացնելու մասին:
Ենթադրվում է, որ այդ պաշտոնում կնշանակվի Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին:
Իրակլի Ղարիբաշվիլիի ճեպազրույցը ուղիղ եթերում հեռարձակվելու է վրացական հեռուստաալիքներով: Լրագրողներ ճեպազրույցի ժամանակ ներկա չեն լինելու:
Ղարիբաշվիլին Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվել էր 2013 թվականի նոյեմբերի 20-ին՝ այդ պաշտոնում փոխարինելով Բիձինա Իվանիշվիլիին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտից վրացական ԶԼՄ-ները, հղում կատարելով անանուն աղբյուրներին, տեղեկություն են տարածում այն մասին, թե սպասվում է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: