Հայուհին ադրբեջանցի ամուսնու հետ, հնարավոր է, փախել է՝ համալրելու ԴԱԻՇ-ի շարքերը
Մոսկվայի 28-ամյա բնակիչ Մարիա Սամոյլովան փախել է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների մոտ: Համենայն դեպս, դրանում վստահ է նրա հայրը՝ 51-ամյա Արթուր Մկրտումյանը, ով դստեր անհետացման մասին հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:
Տղամարդու խոսքով՝ դուստրն իր քաղաքացիական ամուսնու հետ գնացել է Թուրքիա ու անհետացել, ինչի հետևանքով էլ 2 ամիս առաջ աղջկա հետ կապն ընդհատվել է:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, Մարիա Սամոյլովայի ընտրյալն Ադրբեջանից գործարար Յուրի Իսմայիլովն է: Զույգն ամուսնացել է մուսուլմանական սովորույթների համաձայն, ինչից հետո հայտարարել են, որ մտադիր են գնալ Յուրիի ազգականների մոտ Բաքու:
Բայց նորապսակների ճանապարհորդության երթուղին Մարիայի հոր մոտ կասկածներ է առաջացրել՝ նրանք որոշել են Ադրբեջան գնալ Թուրքիայով: Զույգը Մոսկվայից հեռացել է այս տարվա հոկտեմբերին, ինչից հետո ծնողներն իրենց աղջկանից լուր չունեն:
Արթուր Մկրտումյանը վստահ է, որ իր դուստրն ու ամուսինը նախապես ծրագրել են գնալ ԴԱԻՇ-ի զինյալների մոտ, բայց հայտարարել են, թե Ադրբեջան են գնում՝ իրենց վրայից կասկածները հեռացնելու համար: Բացի այդ՝ նրանք այդպես էլ չեն գնացել Բաքու Յուրիի ազգականների մոտ:
Ընդ որում՝ Մարիայի մայրը, ով ամուսնալուծվել է Արթուր Մկրտումյանից, ոչ մի տարօրինակ բան չի համարում դստեր անհետանալը: Կինը վստահ է, որ իր աղջիկը իսկապես գտնվում է Ադրբեջանում ու մոտ ժամանակներս կապ կհաստատի իր հետ:
«Մաշան ամուսնացել է ադրբեջանցու հետ, իսլամ ընդունել: Նա զբոսաշրջային ընկերության տնօրեն էր, սակայն ճգնաժամի պատճառով գործերն այդքան էլ լավ չգնացին, ու նրանք որոշեցին հեռանալ: Գնացին Թուրքիա, հետո Մաշան ինձ զանգեց ու ասաց, որ տեղափոխվում են Բաքու ու մինչ տեղավորվելը իր հետ չենք կարողանա կապ հաստատել»,- պատմել է Նատալյա Սամոյլովան:
Նա չի հասկանում, թե ինչու է նախկին ամուսինը որոշել ամեն գնով գտնել դստերը: Մայրը չի հավատում, թե իր դուստրը կապ կարող է ունենալ ԴԱԻՇ-ի ահաբեկիչների հետ:
Միաժամանակ, Արթուր Մկրտչյանն ու աղջկա հարևանները պնդում են, որ այն ժամանակից ի վեր, ինչ աղջիկն ամուսնացել է ու կրոնափոխ եղել, դարձել է ինքնամփոփ ու դադարել է աշխատել՝ զբաղվելով միայն իսլամի ուսումնասիրությամբ:
Ներկայում Մոսկվայի իրավապահները հետաքննություն են իրականացնում Արթուր Մկրտումյանի հայտարարության հիման վրա:
https://www.youtube.com/watch?v=Pkliy0gII4w