Ստամբուլի օդանավակայանի պայթյունը կարող է ահաբեկչություն լինել. ԶԼՄ-ներ
Ստամբուլի «Սաբինա Գյոկչեն» (Sabiha Gökçen) օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունը, որի ժամանակ վնասվածքներ էր ստացել 2 մարդ, կարող էր ահաբեկչություն լինել, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժ. 02.05-ին (Երևանի ժամանակով 4.05-ին) ինքնաթիռների կայանատեղիում, որոնք պատրաստվել են թռիչք իրականացնել: Այդ ժամանակ հարթակում ուղևորներ չեն եղել, այդ պատճառով տուժել են երկու հավաքարարները, ովքեր դուրս են եկել այդ պահին օդանավերից մեկից: Կանայք տեղափոխվել էին հոսպիտալ: Հայտնի է, որ կանանցից մեկն ավելի ուշ մահացել է:
Ոստիկանությունը դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, ներառյալ՝ ահաբեկչությունը: Օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ժամանել է ոստիկանական ուղղաթիռ: Եվս մեկ ուղղաթիռ ուղարկվել է Աթաթուրքի անվան օդանավակայան:
Մասնագետներն ուսումնասիրում են դեպքի վայրը, ինչպես նաև որոշ ինքնաթիռներ՝ պայթուցիկ նյութեր գտնելու համար: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթյունը կարող էր տեղի ունեցած լինել ինքնաթիռներից մեկում, սակայն թուրքական իշխանությունները դեռ չեն հաստատել այդ տեղեկությունը:
Օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով: