Բաժիններ՝

«Այսօրվա հանձնարարականը կատարեցին` ջուր ու սննդամթերք հասցրին դիրքերը»

Hayzinvor.am-ը գրում է. «Մարտական հենակետերից վերադարձի ճանապարհին կանգ առանք հենակետերի թիկունքն ապահովող պահուստային ստորաբաժանումում։ Թիկունքային այս հենակետում զինվորների ծառայությունն ինձ հիշեցրեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Մետերլինգի «Մեղուների կյանքը» ստեղծագործությունը։ Հայաստանի տարբեր բնակավայրերից զորակոչված տղաները իրենց ծննդավայրերին բնորոշ բարբառներից հետները քաղցր ու անուշ բառեր են բերել ու խճանկարի պես հարստացրել ինչպես իրենց ծառայության, այնպես էլ անցնելիք օրերը։ «Մեղուների կյանքը» հիշեցի, որովհետև, առաջինը` այստեղ բոլորն էլ զբաղված էին, ամեն մեկն ուներ իր աշխատանքը։

Երկրորդ և ամենակարևորը` նրանց հիմնական գործը ծառայությունը բարձունքներում, մարտական հենակետերում կանգնած իրենց ընկերներին ջրով, սննդամթերքով ապահովելն ու օգնելն է։ Եվ ինչպես փեթակի մայր մեղվին են աշխատող մեղուները օգնում-սատարում, որ փեթակը ապրի, այնպես էլ պահուստային ստորաբաժանման տղաները ամեն ինչով կանգնած են բարձունքին կանգնած տղաների թիկունքին, որպեսզի նրանք պահպանեն հայրենիքը, հայրենիքի սահմանները։

Օրն արդեն կիսվում էր, և դիմացի բարձունքից իծաշարուկ ոլոր-մոլոր կածանով իջնում էին տղաները։ Ցույց տալով տղաներին` գումարտակի շտաբի պետ, մայոր Խ.Խաչատրյանն ասում է. «Այսօրվա հանձնարարականը կատարեցին` ջուր ու սննդամթերք հասցրին դիրքերը»։ Ապա նայելով ժամացույցին՝ ավելացնում է. «Ճիշտ սահմանված ժամանակին էլ վերադարձան»։

Կրտսեր սերժանտ Դերենիկ Դարչինյանի հրամանատարությամբ բարձունքի ստորոտում տղաները շարվում և շարժվում են թիկունքային հենակետ։ Շարքային զինծառայողներ Յուրի Կարապետյանը, Մհեր Հովհաննիսյանը, Յուրի Մոնտյանը, Արտյոմ Ավագյանը, Արևշատ Թովմասյանն ու Տիգրան Միքայելյանը օրվա հանձնարարականի մասին գոհունակությամբ զեկուցում են հրամանատարին, և երբ հրամանատարը մարտական հենակետերի անուններով ճշգրտում է տեղ հասած ջրի, սննդի մասին, տղաներին թույլատրում է կարգի բերել հագուստը, լվացվել-մաքրվել և պատրաստվել ճաշի։

Կրտսեր սերժանտներ Գոռ Վարդանյանի, Արարատ Վարդանյանի, Վազգեն Հովնանյանի, Արման Վաթյանի, սերժանտ Սպարտակ Ղուլիջօղլյանի, շարքայիններ Գևորգ Խուդավերդյանի, Արամ Ղարիբյանի, Էդգար Մելքոնյանի, Սամվել Գրիգորյանի, Մովսես Պողոսյանի հետ հիմնական զրույցը մարտական հենակետեր իրենց ամենօրյա անցնելիք ճանապարհի մասին է: Ուղիղ գծով ճանապարհը ուղղաձիգ է եւ կարճ, բարձրաբերձ ժայռերով ու խորխորատներով։ Եվ բարձունքը հաղթահարելու համար անհրաժեշտ է անցնել ոլորապտույտ կածան-արահետով։ Իրենց հոգնության, դժվարությունների մասին ոչ մի խոսք-բողոք չեղավ։

«Մեր դժվարությունները հաղթահարելի են, հարավարևելյան մեր մարտական դիրքերն էլ խաղաղ են, մենք միշտ հոգով, մտքով մեր հյուսիսարևելյան սահմաններին, Արցախում ծառայող մեր ընկերների հետ ենք։ Կեցցե՛ն տղաները, ամուր են կանգնած մեր սահմաններին,- ասում են տղաները։ Հետո ցույց տալով դիմացի բարձունքը՝ ավելացնում են. -Եթե հարկ լինի տղաներին օգնություն՝ հաշված ժամանակում այնտեղ կլինենք»։ Եվ տարիների իմ փորձից ես զգացել եմ, որ զորամասերում ինչպես միջանձնային հարաբերությունները, այնպես էլ զինվոր-սպա փոխհարաբերությունները, ինչպես նաև զորամասում տիրող ընդհանուր բարոյահոգեբանական վիճակը հիմնականում կախված է զորամասի հրամանատարությունից և անձամբ զորամասի հրամանատարից։

Զորամասի հրամանատար, գնդապետ Կ. Սեդրակյանի մասին դրական ու գովեստով էին խոսում ինչպես տեղի բնակչությունը, այնպես էլ սպաներն ու զինվորները։ Թիկունքային այս հենակետում զինվորները ուրախությամբ նշում էին, որ հրամանատարը որոշել է հեշտացնի բարձունքի ապահովումը, ինչպես նաև իրենց ծառայությունը։ Երբ այդ մասին հարցրի մայորներ Ա. Աթոռակալյանին և Խ. Խաչատրյանին, նրանք իրոք հաստատեցին այդ, ասացին, որ դա հրամանատարի մոտեցումն է, և վերջնական որոշումը կլինի ընդհանուր հաշվարկ-ծախսերից հետո։

Այո՛, հասկանալ կարելի է, որ իրոք դժվար է ծախսերի հետ կապված, սակայն այստեղ մեկ այլ նրբություն կա, որը անչափ կարևոր հոգեբանական խթան է հաղորդում զինվորին։ Նրանք ոգևորությամբ էին խոսում, և դա շատ է կարևոր, որովհետև, երբ զինվորը հասկանում է, որ հրամանատարը մտածում է իր մասին, այսինքն` սիրում է իր զինվորին, այդ զինվորը լինում է նվիրյալ, կարգապահ ու պարտաճանաչ»։

Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարը` հեղինակի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս