Սարգսյանի ու Ալիևի հանդիպումը կմոտեցնի երկրները ԼՂ խաղաղ գործընթացին. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը երկրները կմոտեցնի խաղաղ գործընթացին:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել էին դեկտեմբերի 19-ին Բեռնում:

«Գլխավոր քարտուղարը ենթադրում է, որ գագաթաժողովը երկու կողմերին հնարավորություն է տվել քննարկել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի կրճատման պրակտիկ հարցեր ու ուղիներ մշակել, որպեսզի մոտեցվի խաղաղ գործընթացը»,- ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:

Պան Գի Մունն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ովքեր կազմակերպել էին Շվեյցարիայում գագաթաժողովը:

Նա կոչ է արել Բաքվին ու Երևանին սերտորեն համագործակցել Մինսկի խմբի հետ իրավիճակի հետագա լարվածություն թույլ չտալու համար, ինչպես նաև զերծ մնալ քայլերից, որոնք կարող են նոր բռնությունների հանգեցնել:

Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները հանդիպել էին ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի շրջանակում, որն անցկացվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Տեսանյութեր

Լրահոս