Հ. Բերբերյանը կոչ է անում գյուղացիներին` Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի ցանքատարածությունն ավելացնել
«Հաջորդ տարի մենք էլ հետևողական կլինենք որ հակակարկտային ու ոռոգման համակարգերում բորեփոխումները կատարվեն, գյուղմթերք արտադրողի մասին օրենք ընդունվի, որը դեռ չունենք։ Պետք է համակարգը բերենք այն վիճակին, որ հանահունչ լինի երկրի բիզնեսին և կունենանք հաջողություններ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նա ընդգծեց` մենք երբեք չենք կարող ռուսական շուկայում թուրքական շուկայի բացը փակել. «Այդ շուկայի համար պայքարում են տարբեր երկրներ և եթե նույնիսկ դրա 8-10%-ը գրավենք, կունենանք մեծ հաջողություններ։ Դրա համար մի ծրագիր ենք մշակել, որը հաջորդ տարի կբերի հաջողության, և կոչ եմ անում գյուղացիներին` Արարատյան դաշտում վաղահաս կարտոֆիլի ցանքատարածությունն ավելացնել, քանի որ կարտոֆիլը կայուն ուղղություն է։ Գյուղացիներին կոչ եմ անում լավ սերմացու ձեռք բերել, եթե չեն կարող, մենք կօգնենք, որովհետև կարտոֆիլը լավ կարտահանվի. խոսքը 10 հազար տոննայի մասին է։ Այդ արտահանումները հանրապետությանը կբերեն գումար ու ֆերմերը ստիպված չի լինի վարկ վերցնել։ Մայիսի վերջից հուլիսի 20-ը վաղահաս կարտոֆիլի արտահանման ամենահարմար պահն է, դրանից հետո Կրասնոդարի շուկան այդ տեղը կգրավի ռուսական շուկայում»։
Նա նաև նշեց, որ բանջարաբուծությունն այսօր լավ վիճակում չէ, իսկ պտղաբուծության առումով ըստ նրա` բսրեհաջող տարի էր. «Եկող տարի, չեմ կարծում, որ այս քանակի խաղող ունենանք, սա ռեկորդային էր վերջին 10 տարիների համար։ Ընդհանրապես արտակարգ բերք ունեինք, չեմ կարծում, որ մյուս տարի այս առատ բերքատվությունը կրկնվի։ Մյուս տարի կունենանք խաղողի միջին բերք։ Իսկ հունվարին կարտոֆիլի գինը մի փոքր կբարձրանա, որովհետև այս տարի բերքը քիչ էր»: