Նախագահ Օբաման պետք է ազատի դեսպան Բերին`ԻՊ–ի դաշնակից Թուրքիային հաճոյանալու համար

Այժմ նույնիսկ աշխարհի ամենաանտեղյակ մարդը գիտի, որ Թուրքիան «Իսլամական պետության» գլխավոր մեղսակիցն է։ Թուրքիայի հանցագործությունը փաստող անհամար հրապարակումներ են եղել համաշխարհային լրատվամիջոցներում: Զարմանալի է, բայց կա մի ամերիկացի դեսպան, որ կարծես թե անտեղյակ է Թուրքիայի կործանարար դերակատարության մասին տարածաշրջանում, ոչ միայն Սիրիայում ու Իրաքում, այլ նաև Արցախում…

Ինչպե՞ս կարող է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Միացյալ Նահանգների դեսպանը այդքան անտեղյակ լինել՝ իր ելույթում գովաբանելու Թուրքիայի «արժեքավոր» դերակատարությունը Արցախյան հակամարտության կարգավորման ջանքերում:

ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդում դեսպան Դանիել Բերը դեկտեմբերի 17-ին հանդգնություն ունեցավ իր ելույթում փառաբանելու Թուրքիայի «կառուցողական դերակատարությունը որպես Մինսկի խմբի անդամ» Արցախյան հակամարտության մեջ: Այնուհետև նա նշեց, որ «Թուրքիան Մինսկի խմբի արժեքավոր անդամ է եղել և աշխատել է համանախագահների հետ համագործակցելով՝ խաղաղ բանակցային ճանապարհ գտնելու ուղղությամբ» Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դեսպան Բերն իր անհամաձայությունն է հայտնել ԵԱՀԿ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Լուկաշևիչին, որը երկու օր առաջ կասկածի տակ էր դրել «Թուրքիայի կառուցողականությունը որպես Մինսկի խմբի անդամ»: Ռուսաստանի դեսպանը քննադատել էր Թուրքիային՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության մի կողմին [Ադրբեջանին]» սատարելու համար, և Անկարայի դիրքորոշումը բնութագրել էր որպես  «անընդունելի» և «բացարձակ կործանարար»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը դատապարտեց դեսպան Բերի հայտարարությունը, այն անվանելով «անխոհեմ»: Խաչիկյանը մատնանշեց Թուրքիայի մոլի ադրբեջանամետ քաղաքականության երկար ցանկը. «Էրդողանի կառավարությունը ակտիվորեն աջակցում է Ալիևի ռազմատենչ հակահայկական դիրքորոշմանը, բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերելով և մարզելով ադրբեջանցի զինվորականներին, միևնույն ժամանակ, շրջափակելով Հայաստանը, հակասելով միջազգային իրավունքին, և ձգտելով մեկուսացնել Երևանը միջազգային ասպարեզում»:

Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը զարմացած է, թե ինչո՞ւ են «ԱՄՆ պաշտոնյաները թույլ տալիս, որ իրենց որպես նեցուկ օգտագործեն Էրդողանի խեղկատակության մեջ, ձևացնելով, թե իբր Թուրքիայի կառավարությունը՝ բոլոր ապացույցներին հակառակ, անաչառ միջնորդի դեր կխաղա»: Խաչիկյանը եզրափակեց. «Այս վարչակազմի ամոթալի ժառանգությունը՝ անվերջ տեղի տալով թուրքական սպառնալիքներին՝ ամերիկյան սեփական արժեքների և պետության շահերի գնով, իրոք, ազգային խայտառակություն է՝ ամերիկացի ժողովրդի արժանապատվությունը ստորացնող»:

ԱՄՆ Կոնգրեսի մի քանի անդամներ նույնպես դատապարտեցին դեսպան Բերի խայտառակ ելույթը: Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը ասաց, որ նա «անհանգստացած է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչի կողմից արված՝ Թուրքիայի դերակատարությունը Մինսկի խմբի խաղաղ կարգավորման գործընթացում գովաբանող վերջին հայտարարությամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության ամենասկզբից  Թուրքիան բացահայտ կերպով, ակտիվորեն իր աջակցությունն է ցուցաբերել Ադրբեջանին: Նմանօրինակ հայտարարությունը միայն կնպաստի բանակցային գործընթացի բևեռացմանը»:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչ Ադամ Շիֆը աներկբայորեն հայտարարեց, որ «հաշվի առնելով Թուրքիայի վարքագիծը և վաղեմի աջակցությունը Բաքվին՝ նա չի կարող որևէ կերպ հանդես գալ որպես  չեզոք միջնորդ այս հակամարտությունում, որն ավելի ու ավելի է սրվում շփման գծի երկայնքով»: Կոնգրեսական Շիֆը նաև առաջարկեց, որ «Լեռնային Ղարաբաղի դեմ կանգնելու փոխարեն, բոլոր երկրները պետք է պնդեն սահմանի երկայնքով մոնիտորինգային տեխնոլոգիաների տեղադրման համար, մի քայլ, որին Հայաստանը պատրաստակամորեն համաձայնվել է, իսկ Ադրբեջանը՝  ընդդիմացել, քանի որ դա անկասկած ցույց կտար նրա հրահրած ագրեսիան»:

Տողերի հեղինակը դեռ չի տեսել դեսպան Բերի անխոհեմ և անտեղի ելույթը վիճարկող Հայաստանի արձագանքը: Լռությունը ենթադրում է համաձայնություն ԱՄՆ դեսպանի անհաջող խոսքերին: Բերը պետք է խիստ քննադատության արժանանա բոլորի, հայերի և ոչ հայերի կողմից՝ Արցախյան հակամարտության մեջ Թուրքիայի վնասակար միջամտությունը խրախուսելու համար: Թուրքիայի «կառուցողական» և «արժեքավոր» դերակատարությունը գովաբանելու փոխարեն, ԱՄՆ դեսպանը պետք է հետևեր իր ռուս գործընկերոջ օրինակին և խարազաներ Անկարայի չարամիտ և կործանարար ջանքերը:

Երկու տարի առաջ, երբ Բերը երդում էր տալիս որպես Ամերիկայի դեսպան ԵԱՀԿ-ում, նա մի տեսանյութ հրապարակեց, որտեղ ուրախությամբ հայտարարում էր. «Իմ կողակից Բրայանը և ես, ուրախ ենք, որ ապրելու ենք Վիեննայում, մեր շան՝ Քլեոյի հետ միասին: Մենք անհամբեր սպասում ենք բացահայտելու այս հրաշալի քաղաքը, լեռներ մագլցելու և դահուկ քշելու Ավստրիայում, ինչպես նաև ճանապարհորդելու ԵԱՀԿ-ի տարածաշրջանում»:

Դեսպան Բերը, կարծես թե, ավելի շատ հետաքրքրված է զբոսաշրջությամբ՝ ամերիկացի հարկատուների հաշվին, քան լուրջ դիվանագիտական աշխատանքով: Եթե այդպես է, ապա նախագահ Օբաման պետք է դեսպանին ազատի իր պարտականություններից, որպեսզի նա կարողանա շարունակել իր շրջագայությունը Եվրոպայի տեսարժան վայրերով`իր սեփական միջոցների հաշվին…

Հարութ Սասունյան      
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Տեսանյութեր

Լրահոս