Պուտինին ամենաշատը սիրում են Հայաստանում. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական կարծիքի ուսումնասիրության «Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնը աշխարհի 65 երկրներում 64 հազար մարդկանց շրջանում հարցումներ է կատարել` պարզելու համար մի քանի մեծ երկրների ղեկավարների վարկանիշը: Արդյունքները հրապարակվել են երեկ Շվեյցարիայում: Հարցումների արդյունքում Հայաստանը, մեղմ ասած, ուշագրավ դիրքորոշում է արձանագրել: Պարզվել է որ ՌԴ նախագահ Պուտինը ամենաբարձր վարկանիշն ունի Հայաստանում, որտեղ նրան «սիրում» են հարցվածների 79 տոկոսը: Նույնիսկ Ռուսաստանում Պուտինի վարկանիշը ավելի ցածր է` 72 տոկոս եւ այդ ցուցանիշով ՌԴ-ն միայն 6-րդ տեղում է: Հայաստանցիներից մի քիչ ավելի քիչ Պուտինին «սիրում են» Վիետնամում, Մոնղոլիայում, Սերբիայում, Բանգլադեշում…:

Բոլորովին հակառակ վերաբերմունքը հայաստանցի հարցվածները ցուցաբերել են ԱՄՆ նախագահ Օբամայի հանդեպ: Հարցված հայաստանցիների 43 տոկոսը «ատում է» Օբամային: Մեզնից ավելի շատ Օբամային ատում են միայն Պակիստանում, Պաղեստինում եւ Ռուսաստանում:

Ինչ խոսք, թե´ Պուտինին, եւ թե´ Օբամային «սիրելու» կամ «ատելու» պատճառները յուրաքանչյուր հայաստանցի կարող է անվերջ թվարկել: Բայց այսպիսի` տրամագծորեն հակառակ վերաբերմունքը ՌԴ եւ ԱՄՆ նախագահների հանդեպ, ճիշտն ասած, անսպասելի էր: Կարող ենք արձանագրել, որ ռուսական իշխանամետ քարոզչությունը Հայաստանում ավելի մեծ ազդեցություն է թողնում, քան նույնիսկ Ռուսաստանում: Որեւէ այլ երկրի պետական քարոզչամիջոցի նման ազդեցությունը ՀՀ բնակչության վրա, առանց չափազանցության, սպառնում է ազգային անվտանգությանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս