«Ռուսաստանի նկատմամբ ՀԱՊԿ երկրների քաղաքականությունն էլ ավելի հիմնավոր դարձրեց Սարգսյանի դիրքորոշումը». Ստեփան Գրիգորյան
168.am–ի զրուցակիցն է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը:
– Պարոն Գրիգորյան, ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն առաջին անգամ կոշտ քննադատության ենթարկեց ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները ԼՂ հակամարտության հարցում` ընդգծելով, որ իրենց անարձագանք քաղաքականությամբ ՀԱՊԿ անդամ երկրները խախտում են ՀԱՊԿ կանոնադրությունը: ՀԱՊԿ-ի քաղաքականության վերաբերյալ նման ելույթներով հանդես գալու անհրաժեշտության մասին արդեն մի քանի տարի խոսում են մի շարք գործիչներ ու փորձագետներ, այդ թվում՝ Դուք: Ըստ Ձեզ` ինչո՞ւ հիմա Սերժ Սարգսյանը կոշտացրեց հռետորաբանությունը:
– Պատճառը, ըստ իս, շատ հասարակ է: Եթե նախկինում ՀԱՊԿ-ն չէր կատարում իր ստանձնած պարտավորությունը Հայաստանի առջև, այսօր ՀԱՊԿ-ն չի կատարում իր պարտավորությունները նույնիսկ Ռուսաստանի առջև: Հենց դա է, որ էլ ավելի հիմնավոր դարձրեց Հայաստանի քննադատական դիրքորոշումը: ՀԱՊԿ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ ցանկացած ոտնձգություն Հայաստանի դեմ ոտնձգություն է ՀԱՊԿ բոլոր անդամների դեմ, նման անվտանգության համակարգերի մեխն այս հոդվածն է:
Ստացվում է, որ Ադրբեջանը ռմբակոծում է մեր տարածքները, սադրանքների է դիմում, սա ակնհայտ է այլևս, թեև պատահում են նաև վիճելի իրավիճակներ, բայց կան նաև ակնհայտ իրավիճակներ, երբ դրանց չանդրադառնալն այս հոդվածի խախտում է: Այս տարվա սեպտեմբերին մի քանի գյուղացի սպանվեց սահմանամերձ գյուղերից մեկում, ներկայումս օգտագործում է ծանր սպառազինություն, ու ՀԱՊԿ-ից՝ ոչ մի արձագանք: Իրենց հայտարարության մեջ նրանք կարող էին արտահայտել գոնե իրենց մտահոգությունը, եթե նույնիսկ չեն կարող քննադատել Ադրբեջանի քաղաքականությունը: Ուրեմն տեղին էր Սերժ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որտեղ նա, որպես նման կառույցների օրինակ, ՆԱՏՕ-ն էր ներկայացրել: Սա շատ տեղին համեմատություն էր` ռուս-թուրքական լարվածության դեպքում ՆԱՏՕ-ն միարժեքորեն աջակցեց Թուրքիային, անմիջապես միջադեպից հետո Թուրքիան կարողացավ ՆԱՏՕ ԱԳ նախարարների նիստ հրավիրել: Սերժ Սարգսյանը համեմատեց, որը կարևոր էր:
Բայց բացատրեմ, թե ինչո՞ւ այսօր նրա ձայնն ավելի հիմնավոր դարձավ, քանի որ ՀԱՊԿ-ն չկատարեց իր գործառույթը նաև Ռուսաստանի նկատմամբ: ՆԱՏՕ-ն միանշանակ աջակցություն հայտնեց Թուրքիային ռուս-թուրքական լարվածության ժամանակ, իսկ ՀԱՊԿ-ն նույնիսկ տեղին համատեղ հայտարարություն չարեց: ՀԱՊԿ անդամ երկրները խուսափեցին գնահատական տալ Թուրքիայի ագրեսիվ գործողությանը:
– Շաբաթներ առաջ Մինսկն ու Աստանան նույնիսկ կոպիտ կերպով հերքեցին ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի հայտարարությունն այն մասին, թե ՀԱՊԿ-ն դատապարտում է Թուրքիայի գործողությունները Ռուսաստանի դեմ: Այդ ժամանակ հրապարակումներ եղան, թե Ռուսաստանը Հայաստանին գործիք է դարձրել, և նման հայտարարություն կարող էր անել միայն ՀՀ ներկայացուցիչը: Հնարավո՞ր է` այս դեպքում ևս Ռուսաստանը Հայաստանի ձեռքով իր դժգոհությունն է հայտնում և իր ձայնն ավելի լսելի դարձնում:
– Ոչ: Կարծում եմ, որ այս պահին իսկապես համընկան Հայաստանի և Ռուսաստանի դժգոհությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ: Վերջին իրադարձությունների նկատմամբ ՀԱՊԿ անարձագանք դիրքորոշումը հանգեցրեց նրան, որ Հայաստանն ավելի համարձակ բարձրաձայնեց իր դիրքորոշումը: Ես հատուկ ցանկանում եմ նշել, որ Ղրղըզստանը կոշտ դիրքորոշում ցուցաբերեց Խաչատուրովի ելույթի վերաբերյալ, այդ երկրի ներկայացուցիչն ասաց, որ Խաչատուրովն իր կարծիքն է հայտնել և իրավունք չի ունեցել Ղրղըզստանի անունից նման հայտարարություն անել: Աստանան ու Մինսկը ևս ցուցաբերեցին դժգոհություն:
Համարում եմ, որ Ռուսաստանը չի հրահրել, այլ ՀՀ նախագահն է գիտակցված գնացել այս ելույթին, որը համընկավ վերջին իրադարձությունների հետ: Հիշեցնեմ, որ նման հայտարարություն եղել է 2013թ. ՀԱՊԿ հերթական գագաթաժողովի ժամանակ: Այսինքն` այս ելույթը ես որպես այդպիսին՝ առաջինը չէի որակի, պարզապես նման կոշտ ձևով էր առաջինը:
– Այս հարցը շատ է քննարկվել: Այնուամենայնիվ, տարածաշրջանային զարգացումները ստիպում են երկրներին կտրուկ փոխել իրենց դիրքորոշումները կամ դրանք վերաձևակերպել, ուստի ի՞նչ արձագանք պետք է սպասել ՀԱՊԿ-ից այս հայտարարությունից հետո:
– Նոր ոչինչ չպետք է սպասել ՀԱՊԿ-ից: Հասկանում ենք, որ, երբ ասում ենք՝ ՀԱՊԿ, նկատի ունենք՝ հայ-ռուսական հարաբերություններ: Այո, ՀԱՊԿ-ն կա, այն մեզ ինչ-որ բաներ տալիս է, այդ կառույցի շրջանակներով Հայաստանն արտոնյալ գներով զենք է ստանում, ուրեմն ՀԱՊԿ-ից պետք է սպասենք այն, ինչ կարող է նա մեզ տալ, միայն դա կարող է տալ և ոչ մի այլ բան: ՀԱՊԿ-ից պետք չէ սպասել, որ ՀԱՊԿ անդամ պետությունները մեր հետ միասին կկռվեն Ադրբեջանի դեմ:
Բոլորս էլ գիտենք, որ Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանն Ադրբեջանի հետ ակտիվ համագործակցության մեջ են, ուստի չեմ կարծում, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունները, եթե լուրջ ծավալի ռազմական գործողություններ սկսվեն ԼՂ հակամարտության գոտում, իրապես աջակցեն հայկական կողմին:
Հենց դա է պատճառը, որ ես միշտ ասում եմ` պետությունը պետք է ապահովի իր անվտանգությունը ոչ թե՝ կառչելով մեկ համակարգի, այլ՝ անպայմանորեն ակտիվ աշխատելով նաև այլ կառույցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ:
Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ն այս հարցերում մեզ աջակցողը չէ, ավելի կարևոր է, որ պարզ երևաց` ՀԱՊԿ-ն հուսալի գործընկեր չէ նույնիսկ Ռուսաստանի համար: Ռուս-թուրքական հակամարտության ծանր փուլում, ակնհայտ է, որ պետք է լիներ ՀԱՊԿ դիրքորոշումը, բայց նույնիսկ Ռուսաստանի օգտին այդ պետությունները կոշտ դիրքորոշում չցուցաբերեցին, մինչդեռ մենք հասկանում ենք, որ այս հարցում Թուրքիան էր սխալված կողմը: Եթե Ռուսաստանը սխալված լիներ, կարելի էր պնդել` ինչո՞ւ ՀԱՊԿ-ն պաշտպանի, եթե ՌԴ-ն է սխալվել, բայց այս դեպքում Ռուսաստանը ճիշտ է, ու իր գործընկերները չեն պաշտպանում: Իրավիճակի մեխն այն է, որ ՀԱՊԿ-ն չի աշխատում նույնիսկ Ռուսաստանի համար: