«Ինչքան էլ առաջ գնա ԵՏՄ-ն, մենք կորչում ենք». Թաթուլ Մանասերյան
«Մինչև մենք ինքներս չանենք ներդրումներ, պետք չէ խոսել արտաքին ներդրումների մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով Հայաստանում արտաքին ներդրումների բացակայության մասին:
Նրա խոսքով՝ փողից ավելի, ՀՀ-ին անհրաժեշտ է վստահություն. «Սարսափելի մեծ բեռ է մեր հասարակության և կառավարության համար այն նեգատիվը, որ գոյություն ունի բոլոր հարցերում, այդ նեգատիվիզմը կազմալուծում է բոլորիս: Այնպես չէ, որ ես մտահոգություններ չունեմ, բայց ես միշտ փորձում եմ ելքեր գտնել, այն «վայ» տնտեսագետները, որ անընդհատ կոլապս են գուժում ու ասում են` այդ պետությունը պետք է պարտվի, շատ մի հրապուրվեք նրանցով, քանի որ մենք մեզ ենք վնաս տալիս»:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում չկա փող, և չկա ձևավորված ազգային օրակարգ՝ ո՛չ ներսում, ո՛չ էլ դրսում՝ ԵՏՄ-ում. «Ինչքան էլ առաջ գնա այդ միությունը, մենք կարող ենք տեխնիկական ստանդարտները, ամեն ինչը հարմարեցնել, բայց մենք կորչում ենք, որովհետև չունենք մեր օրակարգը: 2014-25 թվականների ռազմավարություն ունենք, այս ռազմավարությունը կարևոր է, բայց մեր պետական բյուջեն, որը ձևավորվեց, որևէ աղերս չունի այդ ռազմավարության հետ»: