Վերահսկիչ պալատի բացահայտումները ՀՔԾ-ում
Անցնող տարում Հայաստանի վերահսկիչ պալատը ստուգումներ է իրականացրել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: 2015 թ. մարտի 23-ից մինչև հուլիսի 1-ը ՎՊ-ն ուսումնասիրել է ՀՔԾ-ի կողմից պետական բյուջեից հատկացված միջոցների և արտաբյուջետային միջոցների օգտագործումը 2013 թ. հունվարի 1-ից մինչև 2015 թ. առաջին եռամսյակի ավարտը:
Ըստ ՎՊ հաշվետվության՝ վերահսկողության ընթացքում կատարվել է տարբեր տվյալների համադրում և փաստաթղթերի ուսումնասիրություն: 2013 և 2014 թվականներին պետական բյուջեի «ՀՀ հատուկ քննչական ծառայության պահպանում» ծրագրով Ծառայությունը փաստացի ֆինանսավորվել է համապատասխանաբար` 273 մլն 121.8 հազար դրամ և 364 մլն 404.2 հազար դրամ, 2015-ին նախատեսվել է ֆինանսավորել 577 մլն 483.9 հազար դրամ:
Ծառայության հաշվեկշռում առկա է չորս ծառայողական ավտոմեքենա: 2013-2014թթ. ՀՔԾ-ն «Սի Փի Էս Օիլ Քորփորեյշն» ՍՊԸ-ից գնել է համապատասխանաբար` 5 մլն 405.6 հազար դրամի և 8 մլն 911.7 հազար դրամի «ռեգուլյար» տեսակի բենզին:
Ի վերջո, ՎՊ-ն հանգել է եզրակացության, որ ծառայության ֆինանսական հաշվետվություններն արժանահավատ են, պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման խախտումների և անարդյունավետ ծախսերի փաստեր չեն արձանագրվել: