Արտակ Շաբոյանի ինքնախոստովանությունը
Վերջին երկու օրերին սոցցանցերի հայկական տիրույթում բուռն քննարկման առարկա դարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում վաճառվող բենզինի գների մեջ նավթի տեսակարար կշիռը 5-8 տոկոս է։
Ամեն ինչ ծագել էր նրանից, որ «Ազատությունը» պրն Շաբոյանից հետաքրքրվել էր` ինչպե՞ս հասկանալ, որ միջազգային շուկաներում նավթի գինը վերջին կես տարում գրեթե կիսով չափ նվազել է, իսկ Հայաստանում բենզինի գինը համարժեք չափով չի նվազում։ Ի պատասխան` Ա. Շաբոյանը նախ նշել էր, որ գներն իջել են 10 տոկոսով, ապա շարունակել. «Եթե փոխարժեքի արժեզրկումը չլիներ, շատ ավելի մեծ չափով էինք մենք բենզինի գների նվազումը տեսնելու։
Իսկ ինչ վերաբերում է միջազգային շուկայի փոփոխություններին, ապա գների փոփոխությունը տարբեր երկրներում տարբեր չափով է ազդում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր երկրում վաճառվող բենզինի գների մեջ նավթի կշիռը փոքր է` 5-8 տոկոս։ Հայաստանում վաճառվող բենզինի գնի մեջ էլ հարկերը բարձր են, լոգիստիկայի ծախսեր են կատարվում, և այլն։ Այս ամեն ինչով պայմանավորված` ստացվում է, որ նավթի տեսակարար կշիռը գնալով փոքրանում է»։
Միանգամից ասենք` ընթերցողին չենք ծանրաբեռնի վիճակագրական տվյալներով ու հաշվարկներով, թե ինչ փոփոխություններ է կրել նավթի ու բենզինի գինն աշխարհում, որքանով են դրանք համահունչ հայաստանյան գներին, ինչ է կատարվել փոխարժեքի հետ, և այլն։ Փոխարենը` կառաջարկենք կենտրոնանալ միայն պրն Շաբոյանի հիմնավորման վրա և հասկանալ այն։
Փաստորեն` Հայաստանում վաճառվող բենզինի գինը, ըստ ՏՄՊՊՀ նախագահի, ընդամենը 5-8%-ով է պայմանավորված նավթի գնով։ Իսկ սա նշանակում է, որ միջազգային շուկաներում նավթի և բենզինի գների տատանումը պետք է ընդհանրապես ազդեցություն չունենա ՀՀ ներսում վաճառվող բենզինի գնի վրա։ Ավելի կոնկրե՞տ հաշվենք։ Խնդրեմ։
5-8% տեսակարար կշիռը նշանակում է, որ միջազգային շուկայում նավթի (բենզինի) գնի յուրաքանչյուր 10%-անոց փոփոխությունը պետք է հայաստանյան բենզինի գնի վրա ազդի 0.5-0.8%-ով։ Օրինակ, եթե Հայաստանում 1 լիտր բենզինը վաճառվում է միջինը 480 դրամով, ապա համաշխարհային շուկայում 10% թանկացումը պետք է հանգեցներ Հայաստանում բենզինի գների աճին առավելագույնը 2.4- 3.9 դրամով (եթե փոխարժեքը լուրջ չտատանվեր)։
Ընդ որում, դա պետք է լիներ ոչ միանգամից, որովհետև այսօր վաճառվող բենզինը գնվել է ամիսներ առաջ` դեռևս չթանկացած գնով։
Կարճ ասած, երբ համաշխարհային շուկայում նավթի (բենզինի) գինը նվազում է, չպետք է ակնկալել, որ բենզինը նույն չափով կամ գոնե կեսի կեսի չափով կէժանանա նաև Հայաստանում։ Որովհետև, ըստ Շաբոյանի, բենզին ներմուծողներն այլ ծախսեր են կատարում` տեղափոխման վրա, աշխատակազմի, սարքավորումների ու գրասենյակների, հարկեր են վճարում վերջապես։ Ու որոշիչ կշիռ ունեցող այդ ծախսերը չեն նվազում։
Սա տրամաբանական է։ Սակայն նույն տրամաբանությամբ` տեղական շուկայում բենզինի գների բարձրացումը չի կարելի պայմանավորել համաշխարհային շուկաներով։ Ասենք, եթե բենզինը մեզ մոտ թանկանա 10%-ով, ապա դա համաշխարհային գներով հիմնավորել կլինի միայն այն դեպքում, եթե համաշխարհային գինը թանկանա 80%-ով։
Ամբողջ հմայքը, սակայն, նրանում է, որ թանկացման դեպքում այս տրամաբանությունը չի աշխատում։
Հեռու չգնանք. պարզ օրինակ բերենք ոչ վաղ անցյալից։ 2012 թվականի փետրվար-մարտ ամիսներին Հայաստանում բենզինը թանկացավ շուրջ 50 դրամով (10%-ով)։ Թանկացումը փոխարժեքով հնարավոր չէր բացատրել, քանի որ 1 ԱՄՆ դոլարի գինը 1 եռամսյակում անփոփոխ էր մնացել (388-389 դրամ)։
Ինչպե՞ս հիմնավորեց այն ժամանակ բենզինի թանկացումը նույն Արտակ Շաբոյանը։ 2012 թվականի մարտի 30-ին Ա. Շաբոյանը, պատասխանելով Հայաստանում բենզինի գների թանկացման մասին Aysor.am-ի հարցին, ասել էր. «Միջազգային շուկաներում մեծ չափով տեղի է ունենում գների բարձրացում, որը, բնականաբար, իր ազդեցությունը պետք է թողնի Հայաստանի գների վրա»։
«Միջազգային շուկայում բենզինի գինը 10 տոկոսով բարձրացել է»,- ասել էր ՏՄՊՊՀ նախագահը և հավելել, որ Հայաստանում ավելի ուշ է թանկացել, քանի որ վաճառվել է արդեն ձեռք բերված բենզինը, այնուամենայնիվ, ուսումնասիրություններ ընթանում են, կսպասեն արդյունքներին։
Փաստորեն, այն ժամանակ միջազգային շուկայում բենզինի գնի թանկացումը բերել էր ՀՀ ներքին շուկայում համարժեք` 10%-անոց թանկացման։ Սակայն, ինչպես նշեցինք, ըստ տրամաբանության` պետք է լիներ առավելագույնը 0.5-0.8% թանկացում։
Ընդ որում, թանկացման ժամանակ միջազգային շուկաներին հղում անելու մոտեցումը միայն Արտակ Շաբոյանին չէ, որ բնորոշ է։ Բենզինի և դիզվառելիքի ներմուծմամբ զբաղվող գրեթե բոլոր ընկերությունները պատմականորեն բենզինի թանկացումը միշտ պայմանավորել են կա՛մ փոխարժեքով, կա՛մ միջազգային շուկաներով։
Ավելին, Արտակ Շաբոյանի ասածներից ստացվում է, որ Հայաստանի համար ընդհանրապես կարևոր չէ` որտեղից բենզին ներկրել և ինչ գնով։ Միևնույն է` վերջին հաշվով գնագոյացման վրա ազդելու են լրիվ այլ գործոններ։
Սակայն ՏՄՊՊՀ նախագահի խոսքերի ետևում թաքնված ամենամեծ խոստովանությունը դա չէ։ Ա. Շաբոյանի խոսքերը անուղղակիորեն նշանակում են, որ ՀՀ բենզինի և դիզվառելիքի շուկայում մրցակցություն չկա, և գործում են հակամրցակցային համաձայնություններ։ Ինչի՞ց է դա, մասնավորապես, բխում։
Արտակ Շաբոյանի ասածներից բխում է, որ ներքին շուկայում բենզինի գնի 92-95%-ը գոյանում է այլ ծախսերի հաշվին` հարկեր, տրանսպորտ, աշխատակազմ, սարքավորումների ձեռքբերում և ամորտիզացիա, շահույթ և այլն։ Բենզինի ձեռքբերման գինը, տեղափոխման գինը կարող է բոլոր մատակարարների համար նույնը լինել։ Սակայն մյուս ծախսերը` դժվար թե, քանի որ ընկերություններն ունեն տարբեր տեսակարար կշիռներ շուկայում, տարբեր քանակի աշխատողներ ու լիցքավորման կետեր, տարբեր մեծության աշխատակազմեր` իրարից տարբերվող աշխատավարձերով, ու շահույթի տարբերվող նորմաներ։ Սակայն, եթե, այս ամենով հանդերձ` բոլոր ընկերությունների լիցքավորման կետերում բենզինը վաճառվում է նույն գնով, ապա դա արդեն աբսուրդ է։ Սա նշանակում է, որ բենզինի գնագոյացման վրա ազդում է ոչ թե ծախսերի կառուցվածքը, այլ շուկայի ամենաբարձր գինը։
Սա էլ օրինակով պարզաբանենք։ Ենթադրենք ներքին շուկայում բենզինը վաճառվում է միջինը 460 դրամով։ Հետո տեղի են ունենում ինչ-ինչ իրադարձություններ, և X ընկերությունն իր բոլոր ծախսերը հաշվարկելուց հետո որոշում է, որ բենզինի 1 լիտրը պետք է վաճառի 480 դրամով, որպեսզի կարողանա ծածկել բոլոր ծախսերն ու 20% շահույթ ունենա։ Y ընկերությունն ավելի օպտիմալ է կառավարում իր ծախսերն ու կարող է բենզինը վաճառել 460 դրամով։ Այսինքն` կարող է բենզինի գինը չթանկացնել ու շահույթ ունենալ։ Z ընկերությունն ավելի լավ վիճակում է` 430 դրամ գնի դեպքում էլ շահույթ ունի։ Ի՞նչ գին կհաստատվի շուկայում, ձեր կարծիքով։
Նորմալ մրցակցային միջավայրում (չնայած այն հանգամանքին, որ մատակարարները մի քանիսն են) շուկայում գինը չէր փոխվի` կմնար 460 դրամի սահմաններում։ X ընկերությունը կամ պետք է միայնակ բարձրացներ գինը և կորցներ հաճախորդներին, կամ գինն անփոփոխ թողներ, աշխատեր առանց շահույթի և միաժամանակ` օպտիմալացներ ծախսերը։
Իսկ Հայաստանում հաստատվում է ամենաբարձր գինը` 480 դրամը։ Ու արդյունքում, X ընկերությունն ունենում է նորմալ շահույթ, մյուս երկուսը` գերշահույթ։ Ընդ որում, դա տեղի չի ունենում ինչ-որ գաղտնի բանակցությունների միջոցով. ամեն ինչ շատ ավելի պարզ է։ Հենց ընկերություններից մեկը բարձրացնում է գինը, մյուսներն անմիջապես հետևում են այդ օրինակին օպերատիվ կերպով։ Որովհետև միշտ էլ հնարավոր է հիմնավորումներ բերել 10-20 դրամ թանկացման համար։
Ընդ որում, սա ուղղակի ենթադրություն չէ, այլ իրականություն, որի մասին ժամանակին անկեղծորեն խոստովանել է բենզինի շուկայի առանցքային ընկերություններից մեկի` «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը։
Ժամանակին, երբ ԶԼՄ-ներից մեկը բենզինի գների թանկացման հետ կապված մեկնաբանություն էր խնդրել նրանից, Բ. Բեգլարյանն ասել էր. «Մյուսներին ես ասում եմ` ա՛յ մարդ, ես թանկացրել եմ բենզինը, դուք մի թանկացրեք, թող իմ բենզինը մնա` ձերը վաճառվի, բայց բարձրացնում են»։ Նա նաև նշել էր, որ մեր շուկան շատ փոքր է, և բենզինի մանրածախ առևտրով զբաղվողները, մեկը մյուսին նայելով, միանգամից բարձրացնում են գները։
Ահա այսպես` պարզ և հանճարեղ։ Իսկ ՏՄՊՊՀ-ն ասում է` հետազոտություն, մետազոտություն…