
«Առաջ գնացող մարդու համար կարևոր չէ, թե հետևից ինչ են խոսում». Արմեն Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը այսօրվա ասուլիսին՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչո՞վ եք բացատրում, որ մեր դպրոցներում ուսուցիչների հիմնական մասը ՀՀԿ անդամներ են, մի մասն էլ՝ ՀՅԴ-ից ու ԲՀԿ-ից և ոչ մեկը ՀԱԿ-ից չէ, ասաց. «Կարծում եմ, դուք շատ լավ գիտեք նաև բազմաթիվ ընդդիմադիր ուսուցիչների: Ես հասկանում եմ, որ իմ պատասխանը ձեր սրտով չէ, որովհետև ես չեմ ասում այն, ինչ դուք ուզում եք լսել, բայց ես ասելու եմ այն, ինչ մտածում եմ իրականում: Մարդիկ հրապարակային բանեցնում են իրենց քաղաքական ու քաղաքացիական իրավունքները: Այս հարցի մեկնաբանությունը ՀՀ ԿԳ նախարարի կոմպետենցիայի հարց չէ, որովհետև բացարձակ կրթական հարց չէ: Թե ուսուցիչներն իրենց մասնագիտական աշխատանքից դուրս ինչպիսի գեղագիտական, քաղաքական կամ աշխարհագրական նախընտրություններ ունեն, դա իմ գործառույթը չէ:
Ձեր հարցի մեջ կա մի փոքրիկ խորամանկություն, որովհետև գուցե հանրապետականները շատ են, նրանք ԱԺ-ում էլ են շատ, բայց ես միայն ֆեյսբուքյան տիրույթում ունեմ 40-50 մանկավարժ ընկերներ, որոնք կոնգրեսական են, ժառանգական են, քաղաքացիական ակտիվիստ են, ինչն ավելի սուր է: Բացարձակապես խտրականության խնդիր այստեղ չկա ու չի կարող լինել: Եթե ոմանց քաղաքական որոշումը մյուսների սրտով չէ, դա իմ մեկնաբանության հարցը չէ: Թող մյուս քաղաքական ուժերն ավելի շատ աշխատեն՝ ներգրավելու ուղղությամբ: Քարոզարշավի ընթացքում օրենսդրության խախտման փորձերը ավելի շատ եղել են Ոչ-ի ճամբարից, քան Այո-ի, օրինակ՝ Թերլեմեզյանի անվան քոլեջը և ԵՊՀ-ն»:
Իսկ անդրադառնալով իր ֆեյսբուքյան էջում Ձմեռ պապիկին ուղղված նամակին ու դրա հասցեատիրոջը, ասաց, որ գրել է շատ բաց նամակ, որտեղ շատ ազնիվ է եղել. «Մնացածը դնում եմ մի կողմ, որովհետև առաջ գնացող մարդու համար կարևոր չէ, թե հետևից ինչ են խոսում: Համակարգի հետ կապված չեմ հասցրել շատ բան մտածել, թե 2016-ին ինչ ենք անելու, որովհետև բոլոր ծրագրերը պատրաստ էին»: