«2016թ. կարող է տնտեսական առումով ավելի ծանր լինել». Արամ Սաֆարյան

«Ինտեգրում և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը 168.am-ի հետ զրույցում՝ ամփոփելով 2015թ., ասաց, որ տարին եղել է շատ բարդ, և ըստ նրա՝ գլոբալ քաղաքական և տնտեսական առճակատման ու տնտեսական ճգնաժամի տարի էր.

«Ռուսաստանի ու Արևմուտքի մեջ ծագած հակամարտությունը ձեռք է բերել քաղաքակրթական բախման բնույթ, և սկսել է դիպչել այնպիսի ֆունդամենտալ արժեքների, ինչպիսիք են՝ ընտանիքը, կրոնը, ռուսաց լեզուն, երեխաների դաստիարակությունը, և այլն: Այդ պատճառով՝ ես մտահոգված եմ, որ այդ առճակատումը կարող է իրապես հանգեցնել նոր «սառը պատերազմի»: Մյուս կողմից՝ տեսնում եմ, որ Արևմուտքում կան առանձին ուժեր, որոնք հանդես էին գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու և ընդհանուր չարիքի՝ իսլամական ծայրահեղականության դեմ համատեղ պայքարելու դիրքերից: Եթե հաղթանակեն այդ կողմնակիցները, ապա այս ընդհանուր քաղաքական լարվածությունը կթուլանա: Մենք՝ որպես ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ երկիր, Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակից, կողմնակից ենք, որ լարվածությունը գլոբալ խաղացողների միջև թուլանա, և գերիշխեն համագործակցության ու փոխըմբռնման դիրքերը: Աշխարհում եղած առճակատման պրոցեսները մեր օգտին չեն խոսում: Մեզ օգնում են համագործակցության միտումներն աշխարհում»:

Ըստ մեր զրուցակցի՝ 2016թ. կարող է տնտեսական առումով ավելի ծանր լինել. «Այդ մասին զգուշացնում են Ռուսաստանի տնտեսագետները, Ղազախստանի նախագահ Նազարբաևը, ու ես կարծում եմ, որ 2016թ. կարող են շարունակվել գլոբալ տնտեսության նեգատիվ դրսևորումները, որոնք դրսևորվել են դեռևս 2013-14թթ.: Մեր ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ՝ ամբողջ տարվա ընթացքում շատ չզգացինք այդ ծանր հետևանքները, նույնիսկ տնտեսության մեջ չնչին, բայց աճի միտում կար: Ես կողմնակից եմ նրան, որ մեր իշխանությունը, մեր ընդդիմությունը, մեր գիտական հասարակությունը, փորձագիտական հանրությունը համախմբվեն, իրար օգնելով, իրար խորհուրդներ տալով՝ պահպանեն այնպիսի մթնոլորտ, որ մենք գալիք մեկ-երկու տարիների տնտեսական դժվարությունները կարողանանք լավագույնս հաղթահարել: Գտնենք լուծումներ, որոնք կթեթևացնեն մեր հասարակության հոգսը, սոցիալական ծանր հետևանքները, որ կարող ենք ունենալ հետագա տնտեսական ճգնաժամի ծավալով, և թույլ չտանք Հայաստանի քաղաքական վիճակի այնպիսի ապակայունացում, որից օգտվեն մեր թշնամիները՝ ադրբեջանցիներն ու թուրքերը»:

Մեր հարցին՝ ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա Հայաստանի վրա, նա պատասխանեց. «Ռուս-թուրքական հարաբերությունները շատ վատ են, դրանք միտում չունեն շատ արագ լավանալու: Մենք փոքր երկիր ենք, ՀԱՊԿ-ի ու ԵՏՄ-ի անդամ ենք, որպես Ռուսաստանի դաշնակից՝ ունենք մեր վերաբերմունքը նրա հակառակորդների նկատմամբ: Բայց ես շատ կուզենայի, որ մեր երկիրն ունենար այնպիսի իմաստություն, որ կարողանար այս հակամարտության ընդհանուր վիճակում նվազագույնս ցցվել և նվազագույնս տուժել, որովհետև Ռուսաստանի և Թուրքիայի միջև այս հակամարտությունը կարող են կարգավորել ու միջնորդել դրանց միայն շատ մեծ երկրները: Ռուսաստանը՝ որպես մեծ պետություն, պետք է բավարարում ստանա տեղի ունեցածի դիմաց, և ամենաքիչը դա Թուրքիայի կողմից ներողություն խնդրելն է: Երկրորդ՝ Ռուսաստանը կսպասի, որ ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումը դիտարկվի Արևմուտքի հետ ընդհանուր կարգավորման ծիրում»:

Տեսանյութեր

Լրահոս