«Նախագահների հանդիպման արդյունքներից մեկը կարող է լինել սահմանային լարվածության նվազումը». Ալեքսանդր Մարկարով

Այսօր տեղի ունեցավ «Նովոստի-Արմենիա» միջազգային լրատվության գործակալության Փորձագետների ակումբի առաջին նիստը, որի թեման Բեռնում դեկտեմբերի 19–ին կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն էր:

Նիստի բանախոսներից՝ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմն անընդհատ փորձում է բանակցային գործընթացը տեղափոխել այլ դաշտ, այն ձևաչափը, որը պահպանվում է ԵԱՀԿ համանախագահողների միջնորդությամբ, ըստ նրա՝ հանդես է գալիս՝ որպես հիմնական ձևաչափերից մեկը. «Վերջին 16-18 ամսվա ընթացքում կա լարվածության աճ, ինչը չի բերում ոչ մի արդյունքի ադրբեջանական կողմի համար, ավելին, դա բերել է նրան, որ այս տարվա ընթացքում երևի առաջին անգամ միջազգային հանրությունը և համանախագահողները ոչ թե ընդհանուր բնույթի հայտարարություններ էին անում, այլ շատ թիրախավորված: Հայաստանյան կողմը հանդես է գալիս կառուցողական դիրքորոշմամբ՝ բանակցություններում քննարկել տարբերակներ, որոնք կարող են հիմք հանդիսանալ խաղաղ կարգավորման համար, չնայած այն բոլոր սադրանքներին, որոնք իրականացվում են ադրբեջանական կողմից»:

Քաղաքագետի կարծիքով՝ նախագահների հանդիպումից ակնկալվող արդյունքը դժվար թե կարող է լինել օպտիմիստական, ըստ նրա՝ ռեալիզմը թելադրում է, որ Ադրբեջանին կոչ կարվի նվազեցնել այն լարվածությունը, որը նրանք ստեղծում են, և արդյունքներից մեկը կարող է լինել այդ լարվածության նվազումը. «Բանակցային գործընթացի շարունակականությունը կարևոր է, որովհետև դա ցույց է տալիս երկու կողմերի դիրքորոշումը, ռազմավարական ուղղությունը՝ որպես խաղաղ կարգավորման կողմնակիցներ, մյուս կողմից՝ դժվար թե կարելի է ակնկալել, որ կոնկրետ տարեվերջի բանակցությունը տրամադրելու է կարգավորման լուրջ հող»:

Ա. Մարկարովը նկատեց՝ փորձը հստակորեն մի բան է ցույց տվել՝ հայկական հասարակության մեջ կան մի քանի հստակ առանձնացվող թեմաներ, որոնց շուրջ միանշանակ հասարակության կոնսենսուս և կոնսոլիդացիա կա, Արցախի հարցը, ըստ նրա՝ այդ հարցերից մեկն է. «Պարզ է մի բան՝ փորձ է արվում իրավիճակի լարվածության աստիճանը բարձրացնել մինչև հանդիպումը, հանդիպումից հետո իջեցնել, ասեն՝ տեսեք: Մինչև հարցը չստանա իր վերջնական լուծումը, մենք ականատես ենք լինելու այդպիսի լարվածության պարբերաբար բարձրացումների»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս