«Միակ բանը, որ կարելի է սպասել լրատվամիջոցներից, զգոնությունն է». media.am
Մարդ արարածը միշտ ուզում է հավատալ, հետևել այն պատրանքին, որ աշխարհը շատ վստահելի տեղ է։ Թե՛ քաղաքական, թե՛ ֆիզիկական (ֆիզիոլոգիական) տեսակետից նրան դա պետք է։ Ասենք, եթե սկսես կասկածել, որ քո շենքն ամուր չէ, ու ամեն վայրկյան քեզ կարող է վտանգ սպառնալ, պարզ է, որ կառաջանա անվստահությունը, ինչը հղի է բավականին լուրջ հետևանքներով։
«ԶԼՄ-ներ և հոգեկան առողջություն» գիտաժողովում իմ ելույթում ուզում էի փոխանցել այն միտքը, որը պնդում է հոգեկան տրավմաների ու խանգարումների այսօրվա տեսությունը։ Հայտնի է, որ տրավմատիկ հոգեվիճակի հայտնվելու համար պարտադիր չէ, որ վտանգավոր իրավիճակում հայտնվենք անձամբ մենք։
Մենք կարող ենք տրավմատիկ ապրումներ ունենալ` մեկ ուրիշի տրավմաների մասին տեղեկանալով։
Նախկինում կարծիք կար, որ տրավմատիկ, սթրեսային խանգարումն առաջանում է միայն այն դեպքում, երբ անձամբ քո կամ քո սիրելի մարդկանց հետ է մի բան պատահում։ Հետո այդ մոտեցումը փոխվեց. տրավմայի սպասումը մեզ կարող է երկրորդային տրավմա փոխանցել։
Եվ այստեղ է, որ շատ մեծ է լրատվամիջոցների դերը։ Ես կուզեի, որ լրատվամիջոցները ցանկացած նոր տեղեկություն փոխանցելով` զգուշանան, որպեսզի ուրիշին չփոխանցեն տրավման։
Իհարկե, հասկանալի է, որ ցնցող լուրերը լավ վաճառվում են։ Մարդը մի յուրահատուկ ֆենոմեն է, որը սիրում է ուրիշների տրավմաների մասին տեղեկություններ ստանալ։ Դա կոչվում է պարադոքսալ հաճույք։ Մենք հաճույք ենք ստանում ուրիշի տրավմաների մասին լսելով կամ տեսնելով դրանք։ Եվ լրատվամիջոցները, փաստորեն, օգտվում են այդ ֆենոմենից։
Խնդիրն այն է, որ, եթե սթրեսային տեղեկությունը սխալ ճանապարհով է մատուցվում, լսարանի մոտ մաքրագործում` կատարսիս, տեղի չի ունենում։ Ընդհակառակը` ստեղծվում է երկրորդային տրավմա։
Հաճախ մեր կյանքի ընթացքում ապրած նախկին տրավմաները մեզ օգնում են դիմակայել նոր տրավմաներին։ Նկատի ունեմ թե՛ կոլեկտիվ, խմբակային, թե՛ անհատական տրավմաները։
Բայց քիչ չեն այն իրավիճակները, երբ դեպքը ոչ թե օգնում է դիմակայել, այլ թարմացնում է նախկին տրավմատիկ վերքը։ Ոչ ոք չգիտե այն օրինաչափությունը, թե որ դեպքերում, որ մարդկանց մոտ ինչպիսի հետևանքներ կլինեն։
Միակ բանը, որ կարելի է սպասել լրատվամիջոցներից, զգոնությունն է։ Ուրիշ բան հոգեբանները պահանջել կամ խնդրել չեն կարող։ Ես կուզեի, որ զանգվածային լրատվամիջոցներում հայտնվող ցանկացած լուր կամ պատկեր դիտարկվի նաև այս տեսակետից. իսկ որքանո՞վ այն կարող է ցավեցնել իմ ընտանիքին, իմ երեխաներին, անցանկալի հիշողություններ արթնացնել։ Եթե այս տեսակետն օրակարգ մտնի, առնվազն 50%-ով կպակասեն այն վտանգները, որոնք սպառնում են մեր հոգեկան առողջությանը։
Ասելով, որ լրատվամիջոցներից դրական օրինակներ ենք սպասում` հիշենք, որ այդ օրինակները նախևառաջ պետք է իրական ու իրատեսական լինեն։ Դրական օրինակներ են, ասենք, մեր շախմատի հավաքականի հաղթանակները։
Իսկ այն տհաճ երևույթները, որոնք մեր կողքին նկատելի են, և բոլորս էլ այս կամ այն կերպ առնչվում ենք դրանց հետ, մասնավոր դեպքեր են, միջմարդկային հարաբերությունների դրսևորումներ։ Աշխարհի բոլոր երկրներում դրանք անխուսափելի են։
Հոգեբանության մեջ կա իշխողների կամ իշխանավորների միֆի գաղափարը։
Մեզ մոտ այդ միֆը չկա, իշխանավորների մասին բոլոր տեղեկություններն առավելագույնս հասանելի ու մատչելի են։ Մենք գիտենք նրանց ընտանիքների անդամների, միջանձնային հարաբերությունների ու իրենց տիրապետության տակ գտնվող բիզնեսների մասին (ով ում եղբայրն է, խնամին, և այլն)։
Այս ամենի արդյունքում իշխանությունը կորցնում է իր միֆը, իսկ ժողովուրդը կորցնում է իշխանության նկատմամբ իր հարգանքը։
Կարծում եմ` այլ ճանապարհ չկա. իշխանությունները պետք է փորձեն վերականգնել միֆն ու ժողովրդի վստահությունը։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, հասարակական պահանջը պետք է հասունանա։
Հասկանո՞ւմ եք, առանց վստահության հնարավոր չէ առողջ լինել։
Հասարակական գիտակցության մեջ մենք այսօր տեսնում ենք, որ նույնիսկ կազմակերպված ընդդիմություն չունենք, որոշ ուժեր ժամանակ առ ժամանակ հայտնվում են, մյուսների հետ համագործակցում, հետո անհետանում։ Անընդհատ խոսում և լսում ենք, որ ինչ-որ բան պետք է փոխել։ Բայց ո՞վ է փոխողը։
Երբ իշխանավորների շարքում տեսնենք այն մարդկանց, որոնց վստահում ենք, վտանգի, վախի զգացողությունը չի տանջի։
21-րդ դարում մարդը մեկ օրվա ընթացքում այնքան ինֆորմացիա է ստանում, որքան միջին դարերում ստանում էր իր կյանքի ողջ ընթացքում։ Պատկերացրեք, թե որքան ուժեղ ինֆորմացիոն ալիք է թափանցում մեր հոգեկան աշխարհ։ Եվ այդ ինֆորմացիան մշակելը, մարսելը, արձագանքելը շատ դժվար է։
Ես շատ եմ աշխատում երեխաների հետ ու տեսնում եմ, որ եթե մենք չկարողանանք նրանց նոր ու հետաքրքիր բան մատուցել, նրանք ինտերնետային կախվածության տակ կմնան, իսկ շատ դեպքերում` ինտերնետի ստրուկը կդառնան։ Չեն կարողանա կողմնորոշվել ու հանգիստ վերաբերվել քննադատությանը։
Բայց մի բան հաստատ է. նոր սերունդը մեզանից խելացի է։ Բժշկական համալսարանում դասավանդելով` համոզվել եմ, որ իրենք շատ նպատակաուղղված ու դեպի շահը (լավ իմաստով) կողմնորոշված անձինք են։
Մենք հին ենք նրանց համեմատ, քանի որ ռոմանտիկ, սովետական գաղափարներով տոգորված անհասկանալի մարդիկ ենք։ Իսկ երիտասարդները շատ ավելի կոնկրետ են։ Եվ դա հուսադրող է։
ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի գլխավոր հոգեբան
media.am