Բաց նամակ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետևում է ընթացիկ տարվա հունիսին Երևանի Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած՝ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի քննության ընթացին, սակայն վերջերս այն անուշադրության է մատնվում Հատուկ քննչական ծառայության կողմից:
Այս կապակցությամբ «Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն բաց նամակ է հղում Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ պահանջելով հրապարակավ ներկայացնել դեռևս 03.07.2015 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի ընթացքն ու մանրամասները, հրապարակել այն աշխատանքը, որը վեց ամսվա ընթացքում իրականացրել է ՀՔԾ-ն:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն իր մտահոգություն է հայտնում նշված գործի անաչառ քննության, այն անտեսելու, «մոռացության» տալու և մեղավորների նկատմամբ համապատասխան պատիժ չսահմանելու կապակցությամբ, որը կարող է խիստ բացասական հետեւանք ունենալ ՀՀ-ում զանգվածային միջոցառումների ժամանակ լրագրողների մասնագիտական գործունեության և լրատվամիջոցների գործառույթների իրականացման համար:
Նշենք, որ լրատվամիջոցներում հրապարակված տեսանյութերը տասը օր ուսումնասիրող ՀՔԾ-ն քրեական գործ հարուցեց օրենքով նախատեսված ժամկետի վերջին օրը՝ ընթացիկ տարվա հուլիսի 3-ին:
Հատուկ քննչական ծառայությունում զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների ուսումնասիրությամբ ձեռք էին բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով՝ հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը՝ անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:
Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
«Լրագրողների միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն