Սամվել Կարապետյանը հայտնվել է Վրաստանի անցանկալի մարդկանց ցուցակում

«Սովորաբար այն մարդիկ, ովքեր հայտնվում են որևէ երկրի անցանկալի մարդկանց ցուցակում, քաղաքական գործիչներ են լինում. թեև ես քաղաքական գործիչ չեմ, բայց համոզված եմ, որ դա կապված է իմ գործունեության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պարզաբանելով, թե ինչու է ինքը հայտնվել Վրաստանի անցանկալի մարդկանց ցուցակում՝ ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

Նա պատմեց, որ իրենք այս տարվա հոկտեմբեր ամսին իրենց հերթական ճամփորդությունն էին իրականացնում, երբ նրան Վրաստանի սահմանին հայտնել են, որ ինքը չի կարող գնալ Վրաստան՝ առանց որևէ պարզաբանման:

«Ես հաջորդ օրը Հայաստանում Վրաստանի դեսպանին նամակ գրեցի՝ պարզաբանում ստանալու համար, սակայն առ այսօր լռություն է, որևէ արձագանք չկա: Ես հանդիպեցի մեր մշակույթի նախարարի հետ, Արտգործնախարարությանը նամակ գրեցի, բայց չեմ էլ կարծում կամ հույս չունեմ, որ կարգավիճակը կփոխվի: Ես օրենք կամ կարգ չեմ խախտել ու վստահ եմ, որ գործունեությունս է պատճառը, որ նման իրավիճակ է ստեղծվել: Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա: ԱԳՆ-ն պաշտոնապես մի նամակ ուղարկեց, որ իրենք շատ կարևորում են մեր աշատանքը, բայց ուրիշ հարցերը ներառված չէր պատախանի մեջ»,- նշեց Ս. Կարապետյան:

Նա կարծում է, որ այս ամենը կապված է 1995 թվականից սկսած իր գործունեության հետ, երբ ինքը սկսել է բարձրաձայնել, նյութեր պատրաստել այն մասին, որ 650 հայկական եկեղեցի գտնվում է Վրաստանում.

Կարդացեք նաև

«Վրաց մամուլն անմիջապես հեղեղվեց նյութերով, որ սա մի զեղծարարություն է՝ ի՞նչ է նշանակում 650 հայկական եկեղեցի Վրաստանում: Բայց ես ամեն մի տողի համար պատասխանատու եմ: Ես այդ տարիների մի քանի թերթերին հոդվածներ էի տալիս, «1700-ամյակին` Թբիլիսին առանց հայկական եկեղեցիների» վերնագրով հոդված ունեի: Որոշեցի, որ եթե մի գիրք hրապարկեմ, վրացական կողմը կհասկանա, որ իր հանցագործություններն աննկատ չի անցել, աշխարհով մեկ ինքը խայտառակ է եղել»:

Խոսելով իր նշած հայկական հուշարձանների պահպանության խնդրի մասին՝ Ս, Կարապետյանը նշեց, որ դրա համար պետք է ճիշտ պետական քաղաքականություն. «Մենք հիմա պետական քաղաքականություն այդ ուղղությամբ չենք վարում, կամ՝ գոհացուցիչ չէ: Հնարավոր է լուծել այդ խնդիրը, եթե այն կարևորվի»:

Տեսանյութեր

Լրահոս