«Ներդրողների համար Հայաստանն անվստահելի երկիր է». Վահագն Խաչատրյան

«Շանս կար քաղաքական լարվածությունն ինչ-որ ձևով թուլացնել, բայց դա տեղի չունեցավ, հակառակը՝ հանրաքվեից հետո ժողովրդի վստահությունը գործող համակարգի նկատմամբ ավելի նվազեց: Ընտրական ինստիտուտը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը Հայաստանում գոյություն չունի, և եթե այսօր ինձ հարցնեք՝ Հայաստանի մարտահրավերներից ամենակարևորը ո՞րն է, ես կպատասխանեմ՝ ընտրական ինտիտուտի ու այլընտրանքի հնարավորության բացակայությունը: Այսպիսի ընտրական իսնտիտուտ ունենալը հաջողություն չի բերի ոչ մի պետության»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ դրա ազդեցությունը տնտեսության վրա միանշանակ բացասական կլինի:

«Տնտեսության վրա սրա ազդեցությունը բացասական կլինի, որովհետև մեր կարևորագույն խնդիրը դառնում է վստահության բացակայությունը. ներդրողների համար մենք անվստահելի երկիր ենք»,-ասաց նա: Ըստ Վ. Խաչատրյանի՝ դեռ նախորդ տարի պարզ էր, որ 2015թ. դժվարին տարի է լինելու.

«Այն բոլոր սպասելիքները, որ կային ԵՏՄ-ից՝ ի չիք դարձան, որովհետև ԵՏՄ-ի տնտեսական վիճակն էլ էր վատթարացել: Իսկ Հայաստանում իրավիճակն այնքան փոխվեց, որ առաջին անգամ խնդիր դարձավ հարկահավաքությունը։ Այսինքն՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին արդեն արձանագրեցին, որ հարկերի հավաքման նախատեսված շեմը չեն կարողանում իրականություն դարձնել: Նույնիսկ արձանագրվել են նոյեմբեր ամսվա աշխատավարձերի ուշացումներ: Բյուջեի դեֆիցիտը մոտ երկու անգամ ավելացել է։ Պարտք վերցնելն այսօր շատ հեշտ է, և դա ներկայացնել որպես գործող կառավարության հաջողություն, ծիծաղելի է։ 2015 թվականին որևէ ծրագիր իրականություն չի դարձել, իսկ 2016 թվականին որևէ լավ բան չեմ կանխատեսում, մենք կայուն ձևով ավելի խորանում ենք ճահիճի մեջ»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս