«Ձենդ կտրի՛, փողերդ հանի՛, կկոխեմ՝ կեթաս». ավարտվել է փաստաբանի նկատմամբ հարձակման գործի քննությունը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է փաստաբան Գեղամ Հակոբյանի նկատմամբ հարձակման դեպքով հարուցված քրեական գործի քննությունը: Դատավճռով՝ ամբաստանյալ Վլադիմիր Իսպիրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 6 տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Վլադիմիր Իսպիրյանին նախաքննության մարմնի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով այն բանի համար, որ նա «2015թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 14:45-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց 16ա շենքի բակում ուրիշի գույքն ավազակությամբ հափշտակելու դիտավորությամբ հարձակում է գործել Գեղամ Հակոբյանի վրա և վերջինիս առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու՝ իր ձեռքում եղած, որպես զենք օգտագործվող ծալովի դանակով հարվածելու սպառնալիքով, գումար է պահանջել, սակայն Գ. Հակոբյանին հաջողվել է դիմել փախուստի»։
Ըստ դատական ակտի՝ տուժող Գեղամ Հակոբյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2015թ. հոկտեմբերի 14-ին, ժամը 14։45-ի սահմաններում դուրս է եկել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 16ա շենքի թիվ 3 հասցեում գործող, իրեն պատկանող փաստաբանական գրասենյակից և պատրաստվել է գնալ «Նուբարաշեն» ՔԿՀ` քննչական գործողության մասնակցելու համար։ Իրեն պատկանող ավտոմեքենան կայանված է եղել նույն շենքի բակում։ Երբ նստել է ավտոմեքենան, դեռ շարժիչը գործի չգցած` սև վերնաշապիկով մի տարեց տղամարդ իր կողմի դռանը հարվածներ է հասցրել։ Զարմացած բացել է դուռը և հարցրել, թե ինչ է պատահել։ Այդ տղամարդը կոպիտ տոնով պահանջել է իջնել ավտոմեքենայից` խոսելու համար։ Նրա հանդուգն պահվածքը զարմացրել է իրեն, և դարձյալ նրան հարցրել է, թե ինչ է պատահել։
Այդ ընթացքում նա կանգնած է եղել դռան բացված մասում։ Դուռը հնարավոր չի եղել փակել, քանի որ նա իրեն շատ մոտ է կանգնած եղել։ Երբ հասկացել է, որ նա ագրեսիվ է տրամադրված` հարցրել է, թե ինչ է նրա ուզածը։ Այդ պահին անբաստանյալը բացել է աջ ձեռքում եղած ծալովի դանակը, այն պահել է իր ձախ կողքին և ասել. «փողերդ տո՛ւր»։ Ինքն անմիջապես բարձր գոռացել է` ասելով. «հեռու գնա՛, ո՞վ ես դու»։ Իր գոռոցից այդ տղամարդն ավելի ագրեսիվ է դարձել և ասել. «ձենդ կտրի՛, փողերդ հանի՛, կկոխեմ՝ կեթաս», և դանակն ավելի մոտեցնելով իր ձախ կողքին` ծայրը հպել է իր մարմնին։ Հասկանալով, որ իրավիճակը շատ լուրջ է, և, եթե նրա պահանջը չկատարի` այդ անձը պատրաստ է դանակով հարվածել իրեն, փորձել է ավելի մեղմ տոնով նրան համոզել, որ դանակը հեռացնի` խոստանալով, որ այդ դեպքում իր մոտ եղած ողջ գումարը կտա։ Նա ասել է` «դե հանի՛», և հետ գնալով դռան մոտից` կողքերը նայելով՝ փորձել է ծալել դանակը։
Օգտվելով նրա հեռանալու հանգամանքից` անմիջապես փակել է ավտոմեքենայի դուռը, կողպել այն և իր բջջային հեռախոսով նկարել է այդ անձին` դանակը ծալելու և գրպանը դնելու դիրքերում։ Այնուհետև գործի է գցել շարժիչը, որի ժամանակ ամբաստանյալը սկսել է ձեռքով հարվածել ավտոմեքենայի դռանը` պահանջելով չհեռանալ, իսկ ինքը վարել է դեպի փողոցի կողմը։ Այնուհետև գնացել է «Նուբարաշեն» ՔԿՀ և մասնակցել քննչական գործողությանը, քանի որ այն շատ շտապ է եղել, և քննիչի հետ նախնական պայմանավորվածություն է ունեցել։ Դրանից հետո վերադարձել է գրասենյակ և փորձել է պարզել այդ տղամարդու ինքնությունը։
Մոտենալով «Հայփոստի» աշխատակիցուհուն և ցույց տալով իր հեռախոսում առկա նկարները` հարցրել է, թե արդյո՞ք ճանաչում է այդ տղամարդուն։ Նա պատասխանել է, որ վերջինս բնակվում է Երևանի Արշակունյաց պողոտայում, անունը Վովա է։ Այնուհետև եկել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին և դեպքի մասին հաղորդում տվել։ Ցուցմունքին կից ներկայացրել է իր հեռախոսով կատարված հիշյալ երկու լուսանկարները։
Ըստ դատական ակտի՝ առաջադրված մեղադրանքում ամբաստանյալն իրեն մեղավոր չի ճանաչել։ Դեպքի հաջորդ օրը հարցաքննվելով որպես կասկածյալ՝ հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, ավազակային հարձակում չի կատարել, օգտվելով իր իրավունքներից` հրաժարվում է ցուցմունք տալուց։
Տուժողի հետ առերես հարցաքննվելիս և որպես կասկածյալ լրացուցիչ հարցաքննվելիս՝ նույնաբովանդակ ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի հետ կապված ոչինչ չի հիշում, այդ մասին ոչինչ ասել չի կարող, հնարավոր է, որ ավազակային հարձակում է կատարել, սակայն չի հիշում, քանի որ այդ օրը շատ խմած է եղել։ Որպես մեղադրյալ հարցաքննվելիս՝ հայտնել է, որ հնարավոր է` ավազակային հարձակում է կատարել, սակայն չի հիշում, և օգտվելով իր իրավունքներից` հրաժարվում է ցուցմունք տալուց։
Դատարանում որպես ամբաստանյալ հարցաքննվելիս՝ հերքել է իրեն վերագրվող արարքը կատարելը և հայտնել, որ դեպքի օրը նախաճաշել է, որի ընթացքում օղի է խմել։ Այնուհետև խնձոր մաքրելիս է եղել և լսել է տան դռան թակոցի ձայնը։ Բացել է դուռը և տեսել, որ երկու անծանոթ կանայք մեղր են վաճառում։ Նրանք առաջարկել են մեղր գնել։ Իր մոտ եղած գումարը չի բավարարել` 1000 դրամ պակաս է եղել, ուստի իջել է բակ` հարևաններից գումար խնդրելու համար։ Նկատելով այդտեղ կայանված սև ավտոմեքենան` մտածել է, որ դա երկրորդ հարկի հարևանի վարորդ Կարենի ավտոմեքենան է։ Մոտեցել է ավտոմեքենային, դուռը բացել և ասել է` «Կարեն մի հատ հազար ֆռա»։ Այդ ժամանակ դանակը ծալած վիճակում գտնվել է իր գրպանում։ Ավտոմեքենայում գտնվող անձն իրեն հրել է, որի հետևանքով վայր է ընկել։ Այդ պատճառով դանակը գրպանից գետնին է ընկել։ Այդ անձը զարմացած ասել է, թե` «Դանակ էլ կա քո մո՞տ»։ Բացի այդ, սպառնացել է` ասելով, թե` «դու գիտե՞ս՝ ես ով եմ»։ Ենթադրել է, որ այդ անձն ավտոմեքենայից ատրճանակ է վերցնում։
Ինքն ավազակային հարձակում չի կատարել։ Նախաքննության ժամանակ գրել է, թե չի հիշում, քանի որ որոշ ժամանակ առաջ ավտովթարի է ենթարկվել և հիշողության հետ կապված խնդիրներ ունի։ Այդ վթարի դեպքի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացնել չի կարող, քանի որ իրեն ավտովթարի ենթարկող երիտասարդից ոչինչ չի պահանջել, և այդ պատճառով դեպքը չի արձանագրվել։
Ինքը պահակ է աշխատում և խոշոր գումարներ է պահպանում։ Բացի այդ, Ոստիկանության աշխատակիցների զգալի մասը ճանաչում և հարգում են իրեն՝ որպես վստահելի մարդու։
Դատական ակտում դատարանը նշել է, որ վերլուծելով ամբաստանյալի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, համադրելով դրանք քրեական գործի դատական քննությամբ ձեռք բերված և հետազոտված ապացույցների հետ, գնահատելով դրանք վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, իրենց համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ` գտնում է, որ ամբաստանյալի ցուցմունքները` ավազակություն չկատարելու մասին, իրականությանը չեն համապատասխանում, արժանահավատ չեն, քրեական պատասխանատվությունից և պատժից խուսափելու նպատակ են հետապնդում և հերքվում են ապացույցներով:
Նշենք, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից մեկ ամիս անց, այդ ընթացքում կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան: