«Փոփոխությունները գալու են մեզ հետ՝ մեզանով և մեր միջոցով, քանի որ մենք կրողն ենք այդ արժեքների». Մանե Թանդիլյան
«Ազատությունից պետք է բխեր անկախությունը, եթե դու չունես ազատ մտածելակերպ, ապա այդ ազատությունը, որ ձեռք ես բերել, մնում է թղթի վրա»,- այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ իր խոսքում ասաց նորաստեղծ կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը:
Մ. Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանը երկար տարիներ գտնվել է Թուրքիայի, Պարսկաստանի, հետո՝ Ռուսաստանի տիրապետության տակ, ու «քանի որ երկար տարիներ չենք ունեցել պետություն, չենք վերցրել լուսավորական գաղափարներ». «Ազատությունից պետք է բխեր անկախությունը, եթե դու չունես ազատ մտածելակերպ, ապա այդ ազատությունը, որը ձեռք ես բերել, մնում է թղթի վրա»: Նա հայտարարեց, որ ստեղծելու են ուղեղային կենտրոններ, խողովակներ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր ծրագիրը ներկայացնել, ու որոնց ուղղությամբ իրենք աշխատելու են:
«Փոփոխությունները գալու են մեզ հետ՝ մեզանով և մեր միջոցով, քանի որ, եթե մենք կրողն ենք այդ արժեքների, ուրեմն դրանք մեզ հետ բերելու ենք: «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ ստեղծելու ենք ընտրության հնարավորություն, որի գաղափարների շուրջ մարդիկ կհամախմբվեն»,- նշեց Մ. Թանդիլյանը:



