
Նվազագույնը 22 մարդ է զոհվել Սիրիայի Թել-Թամեր քաղաքում իրականացված պայթյունների հետևանքով

Նվազագույնը 22 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են Սիրիայի հյուսիս արևելքում գտնվող Թել-Թամեր քաղաքում իրականացված մի շարք պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է Sky News Arabia հեռուստաալիքը:
Նախօրեին լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը հայտնել էր, որ քաղաք են ներթափանցել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներ:
Վերջիններս պայթեցրել են երեք ականապատ ավտոմեքենաներ: Զոհերի թվում կան տեղացիներ ու ինքնապաշտպանության ուժերի մարտիկներ, որոնք հիմնականում բաղկացած են քրդերից ու ասորիներից:
Թել-Թամեր քաղաքը գտնվում է Խաբուր գետի հովտում՝ Խասեկե նահանգում: