Բաժիններ՝

Ինչ կարծիք ունի եկեղեցին մեր օրերի մասոնական շարժման մասին

– Կուզեի իմանալ Ձեր կարծիքը մեր օրերի մասոնական շարժման մասին: Ես ֆրանսիահայ շատ լավ ընկեր ունեմ, նա մասոն է: Մենք միասին Եկեղեցի ենք գնում, նա օգնում է ինտերնատներին ու մանկապարտեզներին, նաև ուսանողներին. բարի գործեր շատ է անում: Երբ իմացա, որ նա մասոն է` ապշեցի: Ես չէի ուզենա ընկեր կորցնել: Նա մկրտված է ու հպարտ է, որ քրիստոնյա է: Բավականին վատ է վերաբերվում աղանդավորներին, հատկապես տանել չի կարող մուսուլմաններին: Բացի այդ, նա մեծ հայրենասիրությամբ է լցված իր իրական հայրենիքի` Ֆրանսիայի, և պատմական հայրենիքի` Հայաստանի նկատմամբ: 

– Իմ խորհուրդը սա է. ընկերներին մի կորցրեք, ով էլ լինեն նրանք իրենց անձնական կյանքում: Եթե նա, որպես մարդ, իրեն արդարացնում է ձեր ընկերական հարաբերություններում, ուրեմն, ինչով  էլ զբաղվի, ինչ համոզմունքների տերը լինի` դա զուտ նրա անձնական գործն է: Մասոնականությունը վերջնականապես ուսումնասիրված չէ դեռ: Գիտենք մեկ բան` այս կազմակերպությունը նպաստում է աշխարհում գլոբալիզացիայի զարգացմանը և կանգնած է աշխարհի բոլոր իշխանությունների ակունքների մոտ: Եթե այս կազմակերպությունը բացասական բան չպարունակեր, ապա կլիներ բաց ու դյուրամատչելի բոլորի համար` մեր Եկեղեցու նման: Սակայն դրա ծածուկ, դռնփակ, չուսումնասիրված լինելը վկայում է որոշակի անմաքրության մասին: Պարզ է, որ «մութ սենյակում լույս չեն որոնում»: Ես ինքս մասոնների մասին գիտեմ Վիկիպեդիայից և հենց նրանց կողմից հրատարակված գրքերից: Նրանց մասին որևէ օբյեկտիվ գրականություն չկա:

Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս