Ովքե՞ր են պատասխան տալու հայ զինվորների սպանության համար

Այսօր կրկին տեղեկատվություն ստացվեց, որ Հայաստանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող է վիրավորվել, ում տեղափոխել են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ. նրա վիճակը ծանր է: Երեկ սահմանից տեղեկություն ստացվեց այն մասին, որ ադրբեջանական զինուժը կիրառել է հրասայլ (տանկ), ինչի հետևանքով հայ զինվոր է զոհվել:

Հայ-ադրբեջանական սահմանից ու Լեռնային Ղարաբաղից զինվորների վիրավորվելու, դժբախտաբար՝ նաև մահվան լուրերը դարձել են մեր կյանքի, առօրյայի մի մասը: Դրանք այնքան են հաճախակիացել, որ, ցավոք, արդեն հասարակության կողմից ընկալվում են՝ որպես սովորական, հերթական տեղեկատվություն: Մինչդեռ յուրաքանչյուր սպանված ու վիրավորված զինվորի դեպքը երիտասարդի, նրա ընտանիքի անդամների համար իսկական ողբերգություն է, անդառնալի կորուստ, որը, սակայն, աստիճանաբար հանրային ընկալման մեջ դառնում է վիճակագրություն:

«Ո՞վ պետք է պատասխան տա մեր զինվորների մահվան համար» հարցն առաջին հայացքից՝ հռետորական է, անհասցե, ու այդ հարցի պատասխանը լղոզվում է հայրենասիրական ճոռոմ, պաթետիկ՝ թշնամուն տասնապատիկ ավելի հզոր հակահարված հասցնելու մասին հնչող տեքստերի մեջ:

Մինչդեռ հակառակորդին անգամ հարյուրապատիկ ու հազարապատիկ պատասխան հասցնելը չի կարող վերադարձնել որևէ զինվորի կյանքը կամ առողջությունը: Զինվորականները, իհարկե, կհակադարձեն, որ դա է պատերազմի կանոնը՝ սահմանին կանգնած զինվորները զոհվում են: Բայց դա թույլ փաստարկ է: Նախ՝ մենք գոնե հայտարարված պատերազմում չենք, և երկրորդը, որ ավելի կարևոր է՝ ժամանակակից աշխարհում պատերազմներում հաղթում կամ պարտվում են՝ ոչ միայն, ավելին՝ ոչ այնքան՝ սահմանին կանգնած զինվորների պատրաստվածությամբ ու զինվածությամբ, որքան՝ դիվանագիտությամբ:

Ավելի պարզ ասած, եթե ռազմական ստորաբաժանումների խնդիրն է երկրի ֆիզիկական անվտանգության ապահովումը, ապա դիվանագիտության խնդիրը պետք է լինի այդ ստորաբաժանումների, զինվորների թիկունքի անվտանգության ապահովումը: Ժամանակակից աշխարհում դա հանգում է նրան, որ պետք է ունենալ այնպիսի պետություն, որին չեն համարձակվում կրակել, իսկ կրակելու դեպքում՝ պատժվում են ոչ միայն՝ տվյալ պետության, այլև՝ միջազգային հանրության կողմից:

Եվ եթե Հայաստանի դեպքում կարող ենք ասել, որ, բարեբախտաբար, զինված ուժերը կարողանում են կատարել իրենց հիմնական առաքելությունը, ապա նույնը չի կարելի ասել դիվանագիտության մասին: Ճիշտ հակառակը՝ մեր դիվանագիտությունն ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանն օր օրի դառնա այնպիսի երկիր, որին կարելի է կրակել և «մարսել»: Մեր դիվանագիտությունը Հայաստանի սուբյեկտայնությունն իջեցրել է այն աստիճանի, որ Հայաստանի ուղղությամբ կրակելիս՝ մտածում են ոչ թե՝ այն մասին, թե ինչպիսին կլինի Հայաստանի պատասխանը, այլ՝ թե ինչ խնդիր կարող են այդպիսով լուծել Ռուսաստանի, Արևմուտքի… բոլորի հետ, մի խոսքով, բացի Հայաստանից:

Կարելի է, իհարկե, տասնյակ փաստարկներ բերել այն մասին, որ Հայաստանը փոքր երկիր է, որ աշխարհաքաղաքական իրավիճակը լարված է, որ «աշխարհը մեզ չի հասկանում»… բայց դրանից իրերի դրությունը չի փոխվում, ու հայ զինվորների սպանությունները չեն դադարում: Հետևաբար, հարցը՝ «Ո՞վ պետք է պատասխան տա մեր զինվորների մահվան համար», իրականում ունի հասցեատեր և այդ հասցեատերը Հայաստանի արտաքին քաղաքականությունը մշակողն ու իրականացնողներն են, կամ նրանք, ովքեր Հայաստանի ինքնիշխանությունը հասցրել են այն աստիճանի, որ մեր արտաքին քաղաքականությունը մշակվում է Մոսկվայում՝ իրականացվում երևանյան պաշտոնյաների կողմից:
Հայաստանի ներկայիս իրավիճակի պատճառներից մեկը հաշվետվողականության բացակայությունն է բոլոր ոլորտներում, սկսած ամենամանրից՝ մինչև ու առավել ևս՝ գլոբալ հարցեր: Հայաստանում որևէ մեկը հաշվետու չէ:

Առաջին հերթին՝ հաշվետու չէ իշխանությունը, պետական կառավարման մարմիններն ու պաշտոնյաները: Հաշվետու չէ նաև ընդդիմությունը, որն իրեն կարող է թույլ տալ հաշվետու չլինել, քանի որ դրա համար վճարելու է ընդամենը հանրային վստահության կորստով: Իշխանության հաշվետվողականության բացակայության գինը նաև հայ զինվորների կյանքերն են, ովքեր վճարում ենք ապաշնորհ արտաքին քաղաքականության համար:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս