«Պետք լիներ` տանկեր էլ կհանեին ժողովրդի դեմ». քաղաքական վերլուծաբան

Ցանկացած ընտրության կամ հանրաքվեի պրոցեսում արձանագրվում է այն իրավիճակը, որ գոյություն ունի փողոցում: Այս կարծիքին է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե այն, ինչ արձանագրվեց դե յուրե «այո»-ի տեսքով՝ արտացոլում է այն վիճակը, որ դրսում չկար մեծ, զանգվածային ճնշում իշխանության վրա, և «իշխանությունն իրեն շատ ապահով էր զգում»

Վ. Հակոբյանը կարծում՝ քանի դեռ չկա ընդդիմադիր խարիզմատիկ այն լիդերը, որի խոսքը բոլորին կտանի իր հետևից, ընդդիմությունը չի կարողանա հաջողություն ունենալ: «Այս պարագայում, կածում եմ, շատ ցայտուն կերպով այն անհրաժշետությունը ցցվեց, որ պետք է սերնդափոխություն լինի»,- նշեց բանախոսը:

Հարցին, եթե, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեր՝ կարո՞ղ է իրավիճակը փոխվեր, Վ. Հակոբյանը պատասխանեց, ավելի բարձր որակ կլիներ, բայց արդյունքը կլիներ նույնը՝ հաշվի առնելով ընդդիմության ռեսուրսները:

Նա կարծում է՝ «ոչ»-ի տարբեր ճակատների ոչ միասնական գործելը նույնպես ազդեցություն թողեց. «Այսինքն՝ մի թևը ասում էր՝ բոյկոտ, մյուս թևը ասում էր՝ գնում ենք «ոչ» ենք՝ ասում: Բավականին լուրջ տարաձայնություններ կային, որոնք, կարծում եմ, իրենց ազդեցությունը թողեցին»:

Ասուլիսին ներկա մեկ այլ բանախոսի՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, վերլուծաբան Արմեն Բադալյանի կարծիքով, սակայն, «ոչ»-ի ճակատներում չկար ոչ միասնականությունը:

««Նոր Հայաստանի» միակ ռեսուրս ունեցողը «Ժառանգությունն» էր, իսկ «Ժառանգությունն» իր անդամներին ուղրակել էր քվեարկության, այսինքն՝ այն տեսակետը, որ ընդդիմությունը միասնական չէ, սխալ է, նրանք միասնական են: Նշանակություն չունի՝ հանրահավաքին ինչ էին ասում, գործում նրանք միասնական էին: Այդ չգնալու կոչ անողները այնքան էլ չունեն այն վարկանիշը, որ կարող էին նշանակություն ունենալ, որ մարդիկ նրանց լսելով չգնային: Եթե չեն գնացել, դա կարող էր լինել ընդհանուր առմամբ այն հիասթափության մթնոլորտից, որը կա մեր երկրում»,- նշեց Ա. Բադալյանը:

Մեկ այլ բանախոսի՝ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի խոսքով էլ՝ տեղի է ունեցել «հանցագործություն, մենք փոխանակ դա արձանագրենք, խոսում ենք ընդդիմությունը՝ ինչքանով է մեղավոր, կամ մեղավոր չէ»:

«Տեղի է ունեցել պետական հանցագործություն, այս անգամ ամեն ինչ 10 զոհով չավարտվեց, քանի որ այս անգամ դրա կարիքը չկար, սա ժողովրդի պայքարն է հանցավոր կառույցի դեմ: Խարիզմատիկ լիդեր լիներ՝ պայքարը ավելի թեժ կլիներ, բայց նույն արդյունքները կլիներ, պետք լիներ, տանկեր էլ կհանեին ժողովրդի դեմ»,- նշեց Ա. Բաղդասարյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս