
Նպատակ է դրված «ջրել» հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումների մասին ԶԼՄ-ների հաղորդումները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Տարիներ առաջ գյուղերից մեկում իմ սեղանակիցները, որոշակի դոզա ընդունելուց հետո, խնդրեցին ինձ՝ «մի բան երգա՝ լաց ըլնենք»: Մեր մշակույթի մեջ, կարծում եմ, կա՝ սպասել այնպիսի ազդակների, որոնցից կարելի է լաց լինել, եւ դրանից ստանալ գեղագիտական հաճույք: Այդ է պատճառը, հավանաբար, որ բասացական տեղեկատվությունը մեզանում ավելի լավ է մարսվում եւ տարածվում, քան դրականը: Նույնիսկ՝ եթե դա սուտ է:
Օրինակ՝ եթե մեկը բստրում է, որ նոր Սահմանադրությունը թույլ է տալիս միասեռական ամուսնություններ կամ՝ որ ընտրացուցակներում կային Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները, ապա նման տեղեկություններին հավատում են մեծ հաճույքով, եւ դրանք հերքելն այլեւս անիմաստ է: Բայց եթե շարքային քաղաքացիները հաճույք են զգում՝ կլանելով ցանկացած բացասական տեղեկատվություն, որը, ելնելով իրենց քաղաքական շահերից, տարածում են կուսակցականները, ապա իրավապահները նման լուրերի հանդեպ խիստ թերահավատ են: Ավելին՝ շատ դեպքերում նրանց նպատակն է ապացուցել, որ դրանք սուտ են: Հիմա, օրինակ, նրանց առջեւ նպատակ է դրված «ջրել» սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումների մասին լրատվամիջոցների հաղորդումները: Պաշտոնապես դա կոչվում է՝ «գնալ ԶԼՄ-ների ահազանգերի հետքերով»: Այդ նպատակով լրագրողներին քարշ են տալիս հարցաքննությունների ու ժամեր շարունակ անիմաստ հարցեր են տալիս, որպեսզի հետո գործը հաջողությամբ փակեն, բայց ունենան մի քանի հաստափոր հատոր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: