Խոխեքը` լավ, հարևանները` լավ, հողն էլ` մերը…
hayzinvor.am-ը գրում է. Քաղաքներին կյանք մատակարարողը գյուղն է, ինչպես ազգին կենդանության ուժ տվողը` գյուղացին։ Ով որ կամենում է ազգի կենդանությունը զորացնել, նա պիտի գյուղը գա գործելու, զի ծառը ջրելու ու ուռճացնելու համար նախ նրա արմատները պետք է հագեցնել… Մուրացան
«Հայոց սահմաններին ապրող բնակիչն իր շենի, ասել է թե՝ մեր երկրի պաշտպանն է։ Դարավերջին, երբ բանակ չունեինք, զորք չունեինք` նրանք պաշտպանեցին մեր երկիրը։ Հաղթական հրադադարից հետո նրանք սահմանի պաշտպանությունը հանձնեցին մեր կազմավորված բանակի զինվորներին ու անցան մեր շեների նորոգմանը։ Այդ շեներից է Սյունիքի մարզի Ալվանք գյուղը, որտեղ ապրել են ադրբեջանցիները։ Ապրել են, սակայն մշակութային ոչ մի հետք չկա, որ դա ապացուցի։ Փոխարենը հրաշագեղ միջնադարյան խաչքարեր են` Մոսեսի ու Ղուկաս դպիրի անուններով, կիսավեր ու կանգուն եկեղեցիներն են, ջրաղացներ, դիտակետ-աշտարակներ, Կուսանաց անապատական համալիր, Ափկես, Թոս, Քիս, Քաջերթ գյուղատեղիներով: Իսկ Ալվանքը այսօր շեն գյուղ է…
Ալվանք անունը միգուցե ընթերցողի լսողությունը մի քիչ «լարի» և փորձի ուշադիր լսել այդ անունը։ Ալ-վանք, գյուղ Սյունիքի մարզում, նախկին Մեղրու շրջանում։ Անշուշտ, գեղեցիկ անուն է, ու այդ անունը մոռացվել էր գյուղից հեռացած վերջին հայ բնակիչների հետ, որոնց փոխարեն Ալդարա անունը ուսած՝ գյուղում տեր-տիրականություն էին անում ադրբեջանցիները։ Այդպես մինչև 20-րդ դարի պայքարը, որին այս դեպքում էլ այնքա՜ն համահունչ է ազատագրական բառը։ Հիմա Ալվանք գյուղում բնակություն են հաստատել Ադրբեջանից բռնագաղթվածներ (Բաքու, Գանձակ), ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերից եկած ընտանիքներ։
Ազատամարտիկ, այնուհետև հայոց բանակի սպա, այժմ պահեստազորի փոխգնդապետ Սարգիս Քառյանը վաստակած հանգստի անցնելուց հետո տիկնոջ` Նոնայի հետ այժմ ապրում է Ալվանքում և զբաղվում հողագործությամբ։ Իր բնավորությանը հատուկ նա ասում է. «Ես քեզ կծանոթացնեմ այնպիսի մարդկանց հետ, որոնք հերոսներ են, հերոսներ, բայց մոռացված։ Ապրում են մեր երկրի հոգս ու ցավով, ուրախություն-հաջողություններով։ Քիչ հետո դու էլ կհամոզվես։ Ուզում եմ «Հայ զինվորում» գրվի նրանց մասին, որ բոլորը կարդան։ Գնանք Մխիթարենց տուն` երկու քայլի վրա է»:
Երեկոյի հետ բախում ենք տան դուռը։ Տանտերը այն բացելով մեզ ներս է հրավիրում` Մխիթար Գևորգի Թովմասյան։ Տանտիկինը սեղանին փռած չորացրած մրգերն է դասդասում։ Տան կենտրոնում վառարանն է, դիմացի պատին երիտասարդ զինվորականների լուսանկարներ են, որոնց կողքին կուրսանտի համազգեստով գեղեցիկ մի հայուհի։ Զգալով իմ հետաքրքրությունը` տանտերը ժպիտով նախ ներկայացնում է կնոջը` Սվետլանա Բաղդասարյան, ապա նկարները պատից իջեցնելով՝ «ծանոթացնում է»` «Մեր երեխաներն են` Արարատը, Մասիսը և Անին, երեքն էլ զինվորական»։
-Անին նույնպե՞ս,- հարցնում եմ։
-Այո՛, Վ. Սարգսյանի անվան ՌԻ առաջին կուրսում է։ Գնաց եղբայրների ճանապարհով,- ժպտալով ասում է մայրը։
-Ավագ որդիս` Արարատը, առաջին տարին միավորների պակասից դուրս մնաց։ Խորհուրդ տվեցինք մեկ այլ բուհ փորձել, սակայն ոչ մի կերպ չհամաձայնեց։ Օր ու գիշեր պարապեց և հաջորդ տարի արդեն կուրսանտ էր։ Արարատից հետո Մասիսս գովասանագրով ավարտեց Ալվանքի միջնակարգը և նույն տարում էլ ընդունվեց։ Հիմա երկուսն էլ ավարտել ու ծառայությունը շարունակում են Արցախի զորամասերից մեկում։ Մասիսը լեյտենանտ է, դասակի հրամանատար, իսկ Արարատը` ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար։
-Արարատս ամուսնացել է, հարսը Երևանի մոտակայքի Ջրաշեն գյուղից է,- ամուսնու խոսքը շարունակում է կինը,- իսկ Մասիսս նշանվել է, հարսի ծնողները Գանձակից են տեղափոխվել ու այժմ ապրում են Շուշիում։ Մի հարսը Մխիթարի երկրից է, մյուսը` իմ,- կատակում է կինը։
Տիկին Սվետլանայի նախնիները Հադրութի Թաղլար գյուղից են տեղափոխվել Բաքու։ 1988թ. նոյեմբերի 28-ին ընտանիքով դուրս են եկել Բաքվից, մեկնել Ռուսաստանի Դաշնություն, այնտեղից էլ տեղափոխվել ու ապրել են Շվանիձոր գյուղում, որտեղ էլ ծանոթացել են Մխիթարի հետ և ամուսնացել։ Իմ այն հարցին, թե ինչպես երեք երեխաներն էլ դարձան զինվորական, և՛ մայրը, և՛ հայրը այն կարծիքին էին, որ երեխաները մանկուց լսել էին ինչպես Սումգայիթի, Բաքվի, Գանձակի վայրագություններից, այնպես էլ Արցախի, Հայաստանի, Մեղրիի սահմաններին մեր տղաների հերոսություններից, ինքնուրույն այդպիսի որոշում էին կայացրել։ Ի դեպ, ինչպես Մխիթարը, այնպես էլ եղբայրը` Արամը, իրենց Գևորգ հոր հետ նույնպես մասնակցել են ազատագրական պայքարին։
-Իսկ ե՞րբ եք ընտանիքով միասին լինում,- հարցնում եմ։
-Այս տարի Ամանորին, Անիիս էլ կվերցնենք ու ընտանիքով կմեկնենք Արցախ` Արարատիս, Մասիսիս, հարսներիս հետ միասին նշելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Սվետան ամեն ինչ պատրաստել է` պահածո, չիր, այն ամենը, ինչը շատ են սիրում տղաներս,- ասում է Մխիթարը։
Երբ պատրաստվում էինք այս հյուրընկալ օջախից դուրս գալ՝ տիկին Սվետլանան ասաց.
-Անիս էլ ավարտի՝ որոշել ենք ընտանիքով տեղափոխվել Արցախ, ապրել Շուշիում։ Պիտի շենացնենք մեր Արցախը։
Մխիթար և Սվետլանա Թովմասյանների տնից դուրս գալով՝ հարգարժան Սարգիս Քառյանը տեսնելով իմ գոհունակ ժպիտը, ասում է.
-Վրեժենց էլ որ ծանոթանաս, արդեն պատկերացում կկազմես մեր գյուղի 80 տնտեսությունների մասին։
Վրեժ Սևումյանը սեղան է նստել ընկերոջ` շվանիձորցի Հրանտ Հակոբյանի հետ։ Միասին դպրոցի փայտն են կտրատել։ Մի քիչ «նեղված» է։
-Փայտը բեռնաթափեցինք, ոստիկանությունից եկան ստուգելու։ Երբ իմացան, որ դպրոցի համար է` ոստիկանն էլ (ապրի ինքը) փոխվեց ու սկսեց մեզ օգնել։
Վրեժը դպրոցի տնտեսվարն է։ Կինը` տիկին Վերան, ուսմասվարը։ Դպրոցում սովորում է 30 աշակերտ։ Ամուսիններով ուրախ են, որ փայտը պատրաստ է, ու երեխաները չեն մրսի։
-Առանց այդ էլ՝ դպրոցն անմխիթար վիճակում է, անձրևներից կաթում է, նորոգել է պետք։ Պետք է ամեն գնով օգնել գյուղին, դպրոցին, որ չհեռանան մարդիկ,- ասում է Վրեժը։
Սևումյան ընտանիքը նույնպես Բաքվից բռնագաղթվածներից է։
Վրեժի Սոնա տատը 12 երեխա է ունեցել։ Ապրել են Արցախում։ Ստալինյան բռնաճնշումների օրերին նրանց աքսորել են Ալթայ։ Մայրը` Գոհարը, 40 օրական է եղել։ Սիբիրում ծնվել են նաև երկու երեխաները։ Ստալինի մահից հետո եկել են Արցախ, գործ չի եղել, ու հաստատվել են Բաքվում։ Տիկին Վերայի ծնողները նույնպես Բաքու են գնացել Մարտունիից։
-Անիի ու եղբայրների «զինվորական խորհրդականը» Սարգիս Քառյանն էր, իսկ Վրեժը Անիին սովորեցրեց մեքենա վարել,- ասում է տիկին Վերան։
-Անիին էլ, եղբայրներին էլ գնացել-տեսել եմ,- Անին պատմում էր, թե ոնց է խրամատ փորում, ոնց է կրակում։ Շատ էր ոգևորված։ Մենք էլ շատ ուրախացանք,- պատմում է Վրեժը, ապա շարունակում.
-Պատմությունը մեզ շատ բան սովորեցրեց։ Մենք պետք է և՛ զենքով, և՛ գիտությամբ հաղթենք մեր թշնամուն։ Ես կարծում եմ, որ մեր պապերը չպետք է թույլ տային, որ շփվեինք ադրբեջանցիների հետ, մեր ճանապարհը պիտի Հայաստան բերեր։
-Էդպես պիտի լիներ, որովհետև մեր ճակատագիրը մեկ է, նույնն է,- ասում է շվանիձորցի Հրանտը։
-Երբ Բաքվից դուրս եկանք, Վրեժը միանշանակ ասաց. «Հայաստան պիտի գնանք ու վերջ»,- ասում է տիկին Վերան։
-Հետո խոսում են իրենց որդիներից` Յուլյայից ու Դավիթից, որոնք հայերենին այնքան շուտ են տիրապետել, որ ծնողները այն կապել են նախնիների գենետիկ հիշողության հետ։ Յուլյան ավարտել է բանասիրականը և 3 թոռնիկ է պարգևել ծնողներին, իսկ Դավիթը ընտրել է բժշկի մասնագիտությունը։ Ցույց են տալիս որդու լուսանկարը ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հետ, որը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ձեռք բերած հաջողությունների համար մրցանակ է հանձնում Դավիթին։ Ցույց են տալիս օտարալեզու ամսագրերում տպագրված իրենց որդու գիտական հոդվածները։
-Իսկ մենք էլ այ էսպես ապրում ենք,- ասում է Վրեժը,- երջանիկ մարդ ենք` խոխեքը լավ, հարևանները` լավ, հողն էլ` մերը»։
Գնել ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի