Ես ունեմ ընկեր, ով ապագա հոգևորական է, իսկ իմ ծնողները դա համարում են ոչ լուրջ և դեմ են մեր միությանը
– Ես ունեմ ընկեր, ով ապագա հոգևորական է, իսկ իմ ծնողները դա համարում են ոչ լուրջ և դեմ են մեր միությանը: Ինչպե՞ս նրանց բացատրել, որ հոգևորական լինելը նույնպիսի կոչում և առաքինություն է, ինչպես տնտեսագետը կամ իրավաբանը:
– Ձեր ծնողներին թվում է, թե քահանա լինելը վատ է, որովհետև լավ քահանայի օրինակ չունեն: Սա չի նշանակում, որ բոլոր քահանաները վատն են: Ձեր ծնողները, ինչպես և բոլոր մարդիկ, իրենց հոգևոր տրամադրությունը, կեցվածքը, համոզմունքները քաղում են ինչ որ միջավայրից: Սակայն ոչ ամեն միջավայր է, որ ճիշտ հոգևոր դաստիարակություն է տալիս: Անհրաժեշտ է ավելի լայնախոհ և շրջահայաց լինել և ազատվել նախապաշարումներից: Հոգևորականը հոգևոր առաջնորդ է: Դա կոչում է, և ո՛չ՝ արհեստ կամ մասնագիտություն: Ժամանակին ամեն հայ ցանկանում էր իր զավակին բարձրագույն կրթություն տալ: Հիշու՞մ եք Կարպ Խաչվանքյանի արտահայտությունը «Տաքսի-տաքսի» կատակերգության մեջ. «Ո՞վ դիպլոմ չունի… կորցրել եմ»: Մասնագիտությունը կարևոր չէ. կարևորը լավ մարդ լինելն է: Քանի-քանի մարդիկ դժբախտացել են անհաջող մարդու հետ ամուսնանալու պատճառով: Քանի-քանի մարդու կյանք դժոխքի է վերածվել, որ իրենց կյանքը կապել են ինքնահավան, ամբարտավան, կռվարար, հարբեցող, անսուրբ և շնացող մարդու հետ: Իսկ հոգևոր միջավայրում մարդը դաստիարակվում է այդպիսի ախտերի դեմ պայքարելու և դրանցից մաքուր լինելու մեջ:
Եթե Ձեր ընկերը ոչ թե ձևական, այլ իսկապես հոգևորական է ցանկանում դառնալ, դրանից էլ լավ բա՞ն: Դա նշանակում է, որ Ձեր նկատմամբ կունենա քրիստոնեական կեցվածք, այսինքն՝ սիրող, հավատարիմ, ներող, համբերող և ողորմած, որովհետև քրիստոնյան, հատկապես հոգևորականը, հակված է ապաշխարությամբ քավել իր մեղքերը: Ներողամիտ է նա, ով գիտակցում է, որ մեղավոր է: Ծանոթացրեք Ձեր ծնողներին Ձեր ընկերոջ հետ: Միգուցե իրենց կարծիքը փոխվի՞:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am