«Այդ նույն եվրոպական դիտորդները մնացած բոլոր ընտրությունները դիտարկել են՝ եվրոպական չափանիշներին համապատասխան». Լյուդմիլա Սարգսյան

«Եթե սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի խախտումներն ու կեղծիքներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, դա կնշանակի, որ Սահմանադրությունն անցել է, բայց դա չի նշանակում, որ կարելի է խախտումներ անել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:

Նա ասաց, որ ինքը շատ լավ գիտի, թե Հայաստանում ընտություններն ինչպես են տեղի ունենում, բայց չի ուզում իր ասածները փաստարկված չլինեն: Հարցին՝ երեկվա ՀԱԿ խմբակցության պատգամավորների բոյկոտին ինչո՞ւ չմիացաք, Լ. Սարգսյանը պատասխանեց, որ խմբակցությունն այդ հարցն իր հետ չի քննարկել, ու «բնական է, որ իր պահվածքը պետք է լիներ այդպիսին»:

168.am-ի հարցին, թե ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ պատրաստվում են Սահմանադրական դատարան դիմել՝ վիճարկելու համար հանրաքվեի արդյունքները, Դուք և՞ս միանալու եք, Լ. Սարգսյանը պատասխանեց, որ, երբ այդ հարցն արդեն հստակ կլինի, իր որոշումը կկայացնի, իսկ հիմա ոչինչ չի կարող ասել:

Հարցին, թե՝ համաձա՞յն եք Լևոն Զուրաբյանի այն դիտարկման հետ, որ կես միլիոն ձայն է կեղծվել հանրաքվեի ժամանակ, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց. «Պետք է ամեն ինչ փաստարկված ներկայացվի, եթե այդպես ներկայացվի, ապա մեր կուսակցությունը համապատասխան քայլեր կձեռնարկի»:

Լրագրողներից մեկի այն դիտարկմանն էլ, թե՝ գաղտնիք չէ, որ իշխանությունները կեղծում են բոլոր ընտրությունները, Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց. «Իհա՛րկե գաղտնիք չէ: Չեմ կարող ասել, որ սա լավագույնն էր: Ես հետևել եմ ընթացքին՝ որպես քաղաքացի, բայց չեմ կարող ներկայացնել՝ ինչ չափով են խախտումներ եղել, քանի որ փաստեր չունեմ»:

Խոսելով ԵԽ ԽՎ դիտորդների սուր քննադատությունների մասին՝ նա նշեց, որ իր համար շատ ավելի կարևոր է մեր քաղաքացու կարծիքը, քան դիտորդական խմբի, «քանի որ այդ նույն եվրոպական դիտորդները մնացած բոլոր ընտրությունները դիտարկել են՝ եվրոպական չափանիշներին համապատասխան»:

 

Տեսանյութեր

Լրահոս