«Մեզ էլ ասֆալտի քվոտա բաժանեք». Հրանտ Բագրատյան

«Մենք իրար աչք չենք կարող թոզ փչել: Դուք գիտեք, որ այսօր նավթի առևտուրը սկսվեց 37 դոլարով, բնական գազի համաշխարհային գինն այսօր 85 դոլար է առանց տրասնպորտավորման, 2014 թ. հունիսի համեմատ 137 դոլարից նավթն իջել է 37-ի: Եթե 2014-ի հունիսի գներով մենք հանրապետությանը պահանջվող վառելիքը ներմուծելու համար 1 մլրդ դոլարի կարիք ունեինք, հիմա հերիք է 420 մլն դոլարը: Առաջանում է էկոնոմիա 580-600 մլն դոլար:

ՀՀ առևտրային բալանսը դրա հետևանքով արագորեն «բարելավվում» է: Ինչո՞ւ տնտեսությունը չի աճում, ինչո՞ւ են մեր պայմանագրերն այնպես, որ գների այդպիսի կատաստրոֆիկ անկումը որևէ բարելավման չի բերում: 100 մլն դոլարը -3% աղքատություն է, 600 մլնը նշանակում է 18%-ով իջեցնել աղքատությունը: Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար: Ինչո՞ւ է սպասվում 2%, չի սպասվում 12% աճ»,- այսօր ԱԺ նիստում 2016 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հարցադրում հնչեցրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նաև հետաքրքրվեց, թե ինչո՞ւ բյուջետային ուղերձում չկան կուտակայինի ներդրումները, մենք դրանից օգուտ ստացա՞նք, ու ովքեր Աժ-ում գովում էին կուտակայինը, պատասխան տալո՞ւ են, թե՞ չէ: Բողոքելով, որ իշխանամետների առաջարկներն ընդունվում են, Հ.Բագրատյանը պահանջեց՝ «մեզ էլ ասֆալտի քվոտա բաժանեք»:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատասխանեց, որ եթե տնտեսական աճի 12% նիշ դնեին, ավելի հաճելի չէր լինի. «Այն գործիքակազմը, որ տիրապետում է կառավարությունը, այսօրվա դրությամբ մեզ հնարավորություն չի տվել պետբյուջեի նախագծում ՀՆԱ իրական աճը 12% նախատեսելու, որովհետև դա ռիսկային է՝ անկախ նավթի գների ելևէջներից: Բայց դա չի նշանակում, որ եթե գտնենք այն գործոնները, որ կապահովեն այդ աճը, կառավարությունը դեմ կլինի»:

Կուտակային կենսաթոշակների հետ կապված փոխնախարարը նշեց, որ կան կառավարիչներ, այդ ֆինանսներն այլևս պետական չեն և պետբյուջեի քննարկման ընթացքում ենթակա չեն կառավարության կողմից: Ըստ Պ.Սաֆարյանի՝ կառավարությունն ընդունել է շինարարության հետ կապված այն առաջարկները, որոնք վերաբերվել են արդեն սկսված կառույցների ավարտին, և չեն կարող կիսավարտ կառույցը թողնել, նորը սկսել:

«Եթե պիտի քվոտավորենք ասֆալտը, ասեք՝ ո՞րն է ընդդիմության քվոտան, որ ընտրողների հետ հանդիպելուց ընտրողները չասեն՝ դու ընդդիմություն ես, ի՞նչ կարաս անես որ: Իրականությունն այն է, որ աշխարհի երկրների զգալի մասում, օրինակ՝ Շվեդիայում, Գերմանիայում, եթե պատգամավորն ասֆալտի գործն իր վրա է վերցնում, ուզում է ասֆալտ անի, ապա ինքը պարտավոր է ամբողջ բյուջեն նորից գրած ներկայացնի, պետք է ներկայացնի, թե որտեղից պետք է էդ փողը վերցնի»,- դժգոհեց Հ.Բագրատյանը:

Նա անթույլատրելի անվանեց կառավարության և մեծամասնության փոխհարաբերության ձևը, որ կառավարությունն ասում է՝ ինչքան ասֆալտ գրեն, որ անցկացնեն:

Տեսանյութեր

Լրահոս