Հանրաքվեի իրական պատկերը՝ ըստ Լևոն Զուրաբյանի
«Երեկ ժողովուրդն արտահայտել է իր կամքը. մեր կոչի համաձայն գնացել ու ակտիվորեն քվեարկել է՝ «ոչ»»,- Ազատության հրապարակում «Ոչ»-ի հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Մեր վստահված անձինք, հանձնաժողովի անդամները, դիտորդները, քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչները փորձել են ավազակային այս մեքենայի դեմ աշխատելով՝ պահել ժողովրդի ձայնը: Տեղի է ունեցել մրցակցություն ժողովրդի միջև, որը փորձել է իր ձայնն առաջ տանել, և բանդիտների միջև, որոնք փորձել են ժողովրդի ձայնը կեղծել»,-նշեց նա:
Ըստ նրա՝ «Ոչ»-ի ճակատը քարոզչության մեջ այնքան մեծ հաջողության էր հասել, այնքան լավ էր տրամադրել ժողովրդին վճռական «ոչ»-ի քվեարկությանը, որ նրա կարծիքով՝ իշխանությունը հասկացավ՝ իր երազանքը այս հանրաքվեն իբր օրինապաշտ, անթերի ձևով անցկացնելու, չի իրականանում. «Նրանք հասկացան, որ պետք է մոռանան օրենքի ու պարկեշտության մասին, պետք է գործածեն իրենց ունեցած ամբողջ կեղտոտ զինանոցը, միայն թե պահպանեն Սերժ Սարգսյանի իշխանությունը: Եվ ահա գործի ընկավ ամբողջ տականքը՝ ընտրակաշառքի բաժանում, լցոնումներ, բազմակի քվեարկություն: Մեր ազգի բոլոր ժուլիկները երեկ կցվեցին ժողովրդի կամքը ոտնահարելու գործին:
Հակառակ այդ բոլոր կեղծիքներին, երեկ ժամը ութից հետո «Այո»-ի կողմնակիցները բացում են բոլոր քվեատուփերը և ուղղակի սփրթնում: Մարդկանց մասնակցության թիվը կես միլիոնով կեղծվել է: Հանրաքվեին իրականում մասնակցել է մոտավորապես 800 հազար մարդ, որոնցից մոտ 600 հազարը քվեարկել է՝ «ոչ», և 200 հազարը քվեարկելը է՝ «այո»: Սա է հանրաքվեի իրական պատկերը»: