
«Հա, Մուկուչյանը Այվազովսկի՞ն էր». Սեյրան Սարոյանը՝ հանրաքվեի թվերը նկարելու մասին

«Շնորհավորում եմ մեզ բոլորիս, կարծում եմ՝ երեկ շատ պատմական օր էր մեզ բոլորիս համար, միջադեպ ոչ մի տեղ չեղավ, ժողովուրդը արտահայտվեց՝ ինչպես հասկացավ, ես արդյուքներից գոհ եմ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:
Դիտարկմանը, թե ասում են՝ կեղծվել են արդյունքները, Ս. Սարոյանը պատասխանեց, թե հիմա «ինչ ասես՝ կասեն»: Այն դիտարկմանն էլ, թե ասում են Տիգրան Մուկուչյանը նկարել է այդ թվերը, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Հա, Մուկուչյանը Այվազովսկի՞ն էր: Ինչ թիվ տալիս են, նա հայտարաում է, հո, չի՞ հորինում: Ես մեր տարածքում՝ Էջմիածնում գիտեմ, որ շատ արդար է անցել, ոչ մի բողոք, տեսե՞լ եք որևէ բողոք լինի, կամ մեկը մեկին վախեցնի»:
Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, թե կարող է՝ վախեցել են բարձրաձայնեն, Ս. Սարոյանն այսպես արձագանքեց. «Դու մուտիտ մի արա, մարդիկ նորմալ ընտրություն են արել, ինչի՞ց են վախեցել»:
Այն դիտարկման էլ թե, Լևոն Զուրաբյանն ասում է՝ մոտ կես միլիոն խախտումներ են եղել, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Կրված մարդը ինչ ասես՝ կասի: Հիմա որ կրեին կասեին, որ սենց արդար ընտրություն չի եղել, հիմա պետք է մեկի վրա շառը գցեն: Պետք է համակերպվենք, որ պետք է մեկը հաղթի, մեկը պարտվի: Ես քեզ ասեմ, որ ընդդիմությունն ավելի շատ էր ուզում «այո»-ն»:
Հարցին էլ, թե ինչպե՞ս է, որ մարդիկ իշխանությունից դժգոհ են, բայց «այո»-ն անցավ, Ս. Սարոյանն այսպես պատասխանեց. «Ժողովուրդն ի՞նչ գործ ունի իշխանությԱն հետ, էդ ժողովրդի հարցերը մենք ենք լուծում, քաղաքացու համար քաղաքապետն է գործ անում, ժողովուրդը չի ճանաչում իշխանությունն ով է: Դրա համար ինչ ասում ենք, ժողովուրդը մեր խոսքը հարգում է»: