Ի՞նչ է փոխել ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը. պարզաբանում են տնտեսվարողները

Արդյո՞ք տեղական ալյուրի որակը համապատասխանում է հացաթխման անհրաժեշտ չափանիշներին, ալյուրի ներկրման արգելքի վերաբերյալ ԼՂՀ կառավարության որոշումը ի՞նչ է փոխել տեղական արտադրողների համար:

Այս հարցերի շուրջ «Արցախպրես»-ը փոքրիկ ուսումնասիրութուն է անցկացրել տեղական սպառողներին լավ հայտնի տնտեսվարող երեք սուբյեկների շրջանում:

Տեղական ցորենի և ալյուրի որակը համապատասխանում է հացաթխման բոլոր չափանիշներին:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ալյուրի և հացաբուլկեղենի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվող արցախյան ամենախոշոր ձեռնարկություններից մեկի՝ «Էռ- Մի» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Վահագն Անթանոսյանը:

Այն հարցին, թե արդյոք տեղական ցորենը սոսնձանյութի անհրաժեշտ չափաքանակի պակաս ունի, ոլորտի մասնագետը պատասխանեց, որ հանրապետության տարբեր վայրերում մշակված ցորենը սոսնձանյութի տարբեր չափաքանակ է ունենում: Արտասահմանյան երկրներում ցորենի սոսնձանյութի անհրաժեշտ չափաքանակի պակասը լրացվում է ալյուրի արհեստական հավելումներով:Վ. Անթանոսյանի խոսքով՝ Արցախում որակյալ ալյուրը ստացվում է բնական ճանապարհով՝ տարբեր վայրերում աճեցված ցորենը միախառնելու միջոցով:

«Բացի այդ, տեղական՝ առանց պարարտանյութերի անհարկի շահագործմամբ մշակված ցորենի էկոլոգիապես մաքուր ալյուրից ստացված հացաբուլկեղենն առավելություններ ունի իր համային հատկանիշների առումով: Մենք միշտ օգտագործել ենք սեփական արտադրության ալյուրը և երբեք էլ ոչ մի խնդիր չի առաջացել»,- նկատեց հացաբուլկեղենի արտադրություն իրականացնող ընկերության տնօրենը:

Խմորեղենի արտադրությամբ մասնագիտացած Ստեփանակերտում հայտնի «Վանիլլա» ձեռնարկության տնօրեն Լիլիթ Իշխանյանը տեղեկացրեց, որ այս տարվա բերքից ստացված տեղական ալյուրից խմորեղեն պատրաստելու առումով սկզբնական շրջանում դժվարություններ եղել են, քանի որ խմորեղենի որոշ տեսականու արտադրության համար անհրաժեշտ է բարձրակարգ տեսակի ալյուր:

«Հումքը դեռ թարմ վիճակում էր, իսկ անհրաժեշտ որակի ալյուրը պետք է մի փոքր «հանգստացած» լինի:

Սակայն խնդիրն այժմ կարգավորվել է, օգտագործում ենքհիմնականում տեղական ալյուր, որի անհրաժեշտ որակը ստանում ենք տարբեր տեսակների միախառնումից»,- մանրամասնեց Լ. Իշխանյանը:

Ստեփանակերտի «Մայակ» ընկերության հացաբուլկեղենի և ալյուրի որակի պատասխանատու, գլխավոր մասնագետ Սաղաթել Հովասափյանը նշեց, որ իրենց արտադրությունը հիմնված է տեղական հումքի վրա:

«Սոսնձանյութի պակասի խնդիր, իրոք, առկա է որոշ դեպքերում, սակայն Հադրութում, Ասկերանում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում տեղակայված ալրաղացներից ձեռքբերված ալյուրի միախառնումից ստանում ենք բարձր որակի ալյուր և հաց»,- ասաց «Մայակ» ընկերության գլխավոր մասնագետը:

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԼՂՀ կառավարությունը ցորենի գնանկում թույլ չտալու նպատակով որոշում է կայացրել, ըստ որի՝ արգելվել է ցորենի և ալյուրի ներկրումը Արցախ:

Տեսանյութեր

Լրահոս