Իրանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Ադրբեջանին
«Արցախպրես»-ի հաղորդմամբ, Իրանի դեսպանատունը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի Նարդարան ավանում զոհերի կապակցությամբ։
Ցավակցության մեջ պաշտոնական Թեհրանը ափսոսանք է հայտնում, որ որոշ լրատվամիջոցներ եւ պաշտոնական անձինք Նարդարանի դեպքերը կապում են Իրանի հետ։
«Դեսպանատունը երկար ժամանակ լռություն էր պահպանում, սակայն իրադարձություններն արդեն Իրանի համար վիրավորական բնույթ են ստացել եւ այդ պատճառով դեսպանատունը մերժում է Թեհրանի հասցեին հնչած բոլոր մեղադրանքները եւ հայտարարում է, որ Ադրբեջանի հետ բարի եւ կառուցողական հարաբերություններ է պահպանում։
Այդ պատճառով նման հարձակումները երկկողմ հարաբերությունների լուրջ սպառնալիք են եւ Իրանին վարկաբեկելու փորձ։ Իրանի շահերից է բխում Ադրբեջանում կայունություն եւ բարիդրացիական հարաբերություններ պահպանել»,- ասված է հայտարարության մեջ։
Թեհրանն անհիմն է որակել մամուլի այն հրապարակումները, որոնք պնդում են, որ Բաքու կատարած այցի ժամանակ այթոլլահ Նուրի Համադանիի ձեռքը համբուրած մարդիկ կապ ունեն Իրանի հետ։
Ադրբեջանում որոշ ուժեր, հատկապես վահաբիները, փորձում են օգտագործել Նարդարանի դեպքերը եւ շիիզմը ներկայացնել որպես կրոնական այլասերում։