«Մի-8» ուղղաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են բորտային ինքնագրերը
Կրասնոյարսկի երկրամասում՝ «Մի-8» ուղղաթիռի կործանման վայրում, հայտնաբերվել են բորտային ինքնագրերը: Դիտարկվում է աղետի մի քանի պատճառ՝ տեխնիկայի անսարքությունը, օդաչուների սխալը, եղանակային վատ պայմանները: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով համապատասխան մարմիններին:
Գործակալությունը հաղորդում է, որ ձայնային ռեգիստրատորներն ու բորտային ինքնագրերը փոխանցվել են Միջպետական ավիացիոն կոմիտեին՝ տվյալների ուսումնասիրման համար:
Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն ավիաաղետից զոհվածների նկատմամբ, որը հարկավոր է քրեական գործի հետաքննության համար:
Ռուսական ուղղաթիռը կործանվել է երեկ, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 15 մարդ հոսպիտալացվել էր ծանր վնասվածքներով: Ուղղաթիռում գտնվել է «Վանկոր-Նեֆտի» 22 աշխատակից:
Հիշեցնենք, որ «Մի-8» ուղղաթիռը իրականացնում էր թռիչք Կրասնոյարսկի երկրամասում, և դեռևս չճշգրտված հանգամանքներում Ենիսեյ գետի սառույցների վրա վթարի է ենթարկվել:
Ավիաաղետի հետևանքով զոհվել էր նաև օդաչու, ՌԴ քաղաքացի 53-ամյա Լևոն Թանանյանը:
Ուղղաթիռի կործանման փաստով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Օդային տրանսպորտի երթևեկության ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու ու ավելի անձնանց մահ» հոդվածով:
Այսօր Կրասնոյարսկի երկրամասում նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկու հրամանով սուգ է հայտարարվել: