
Կրասնոյարսկի երկրամասում սուգ է հայտարարվել

Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին սուգ է հայտարարել երկրամասում՝ կապված այսօր աղետի ենթարկված «Մի-8» ուղղաթիռի կործանման հետ:
«Նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկու հրամանով նոյեմբերի 27-ին Կրասնոյարսկի երկրամասում սգո օր է հայտարարվել»,- ասվում է երկրամասի պաշտոնական պորտալում:
Իշխանություններն ընդգծում են բոլոր ծառայությունների մոբիլիզացիայի անհրաժեշտությունը՝ տուժածներին օգնություն տրամադրելու համար: Ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը կոորդինացնում է ծառայությունների աշխատանքը:
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Կրասնոյարսկի երկրամասի Տուրխանսկի շրջանում: Ուղղաթիռում գտնվել է «Վանկոր-Նեֆտի» 22 աշխատակից: ԶԼՄ-ները հայտնում են, որ ուղղաթիռի կործանման պատճառը կարող է լինել տեխնիկական անսարքությունը:
Ուղղաթիռի անձնակազմի 3 անդամները զոհվել են: Նրանց թվում կա նաև հայ՝ Լևոն Փանանյանը (երկրորդ օդաչու):
Ուղղաթիռի կործանման փաստով ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Օդային տրանսպորտի երթևեկության ու շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն անզգուշաբար հանգեցրել է երկու ու ավելի անձնանց մահ» հոդվածով:
Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհվել է 15 մարդ: