Ո՞ր դեսպանատներից էին արձագանքել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի լիդերների հավաքին

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ տեղի ունեցող քաղաքական զարգացումներին հետևում են Հայաստանում ներկայացված օտարերկրյա պետությունների դիվանագիտական մի քանի ներկայացուցչություններ: Այսօր Հայաստանի քաղաքագետների միության գրասենյակում սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Ոչ» շարժման երկու ճակատների` «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության և «Նոր Հայաստան» հանրային փրկության շարժման ղեկավարներն ամփոփեցին «Ոչ»-ի քարոզարշավի արդյունքներն ու հետագա անելիքները:

Կլոր սեղան քննարկմանը մասնակցեցին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը, քաղխորհրդի անդամներ Գարեգին Չուգասզյանը, Վարուժան Ավետիսյանը, Անդրիաս Ղուկասյանը, Արմեն Մարտիրոսյանը, Պետրոս Մակեյանը, ԱԻՄ ղեկավար Պարույր Հայրիկյանը, «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արշակ Մուսախանյանը:

Քննարկմանը ներկա էին Եվրոպական Միության, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի դեսպանատների ներկայացուցիչները ևս, այնինչ, ինչպես 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հանդիպման կազմակերպիչներից մեկը, Կլոր սեղան քննարկմանը մասնակցության հրավեր էր ուղարկվել Հայաստանում ներկայացված դիվանագիտական համարյա թե բոլոր ներկայացուցչություններին: Կլոր սեղանի համակարգող, քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ կարևորում են այս գործընթացներում միջազգային կառույցների, դիվանագետների տեղեկացվածությունը, որի նպատակով էլ հրավիրել են դեսպանատների ներկայացուցիչներին: Սակայն հրավերքն ընդունվել էր միայն երեք դեսպանատների կողմից. ԵՄ դեսպանատնից միջոցառմանը ներկա գտնվեց Անդրեա Խալուպովան, Մեծ Բրիտանիայի դեսպանատնից` Նաիրա Սուլթանյանը, իսկ ՌԴ դեսպանատնից` Դմիտրի Դյոմկինը: Նրանցից ոմանք պարզապես հրաժարվեցին մեկնաբանել միջոցառումն ու սահմանադրական փոփոխությունների գործընթացի հասցեին հնչեցված քննադատությունը:

Նշենք նաև, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններն ավանդույթ են ձևավորել մասնակցել ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ՆԱՏՕ, ՀՀ-ԱՄՆ հարաբերություններին, ՀՀ-ի արտաքին քաղաքականությանը, «Արևելյան գործընկերությանը», կոռուպցիայի դեմ պայքարին, արդարադատության կառույցների բարեփոխմանը վերաբերող թեմաներով միջոցառումներին` քննարկումներին, կոնֆերանսներին՝ դեսպանների մակարդակով: Իրենց երկրներին հետաքրքրող այս թեմաների շուրջ դեսպանները ժամանակ առ ժամանակ նաև ելույթներ են ունենում:

 

Տեսանյութեր

Լրահոս