«Բոլորը փորձում են հօգուտ իրենց օգտագործել այս դեպքը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանությունները». Թևան Պողոսյանը՝ Նորք-Մարաշում բացահայտված զինված խմբի մասին

«Իսկապես սա կանխված դեպք էր, ու լավ է, որ մենք կանխված դեպքի հետ ենք խնդիր ունենում, այլ ոչ թե՝ հետևանքների»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսելով երեկ Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի դեպքի մասին՝ ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:

Թ. Պողոսյանի համար կարևոր է՝ ինչպե՞ս է քննությունն ընթանալու, ու արդյոք բացահայտվելո՞ւ են այն բոլոր մարդիկ, ովքեր այդ զենքը վաճառում են:

«Դեպքը լինելու ժամանակ հասկանալի է, որ իրավապահ մարմիններն ինչ-որ ձևով տեղեկություններ ունեին ու հետևում էին: Այստեղ պետք է հասկանանք, թե այդ օպերատիվ տեղեկությունների դեպքում՝ որքա՞ն են սպասել: Տարբեր ուժեր օգտագործում են այդ գործընթացն իրենց շահերի համար: Բոլորը փորձում են հօգուտ իրենց օգտագործել այս դեպքը՝ և՛ ընդդիմադիրները, և՛ իշխանությունները»,- նշեց Թ. Պողոսյանը:

Խոսելով Ազգային անվտանգության նախարարության (ԱԱԾ) գործողությունների պրոֆեսիոնալիզմի մասին՝ Թ. Պողոսյանը նշեց, որ դա պրոֆեսինալիզմ կանվանի, եթե բոլոր դեպքերում այն դրսևորվի. «Ասենք, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեպքում, և այլն»:

Կարդացեք նաև

Թ. Պողոսյանի խոսքով՝ իշխանություններն ընդհանուր միջավայր են ստեղծում, որ երկու օր է՝ բոլորը քննարկում են այս ամենի մասին:

«Երեկ ամբողջ օրը բոլորը խոսում էին ահաբեկչությունից, երբ պետական հաղորդագրություններում «ահաբեկչություն» բառը չկար: Տարբեր ինստիտուտներ խնդիր ունեն միջազգային հանրությանը ցույց տալու, որ մենք էլ կարող ենք այնպես անել, ինչպես այլ տեղերում»,- ասաց նա:

Թ. Պողոսյանը նշեց, որ չէր ցանկանա այս ամենը որևէ քաղաքական գործընթացի հետ կապել, բայց պետք է բոլոր սցենարները դիտարկել:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ դեպքի վայրում մնացել էին Սահմանադրության հանրաքվեի «Ոչ»-ի ճակատի թռուցիկներ, պաստառներ, Թ. Պողոսյանը պատասխանեց, որ պետք չէ որևէ եզրահանգում անել դրանից, պետք է քննության արդյունքներին սպասել, քանի որ գուցե այդ ամենը հատուկ է արվել:

Տեսանյութեր

Լրահոս