Բաժիններ՝

«ՖԱՖ-ի հետ կհանդիպեմ միայն այն դեպքում, երբ իրենք կներկայանան իրենց պատվիրատուների հետ». Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անորոշ վիճակի, երկրպագուների պահանջների և Հայաստանում ֆուտբոլի զարգացման միտումների մասին:

Սկզբում խոսվեց «Առաջին հայկական ճակատ»՝ ՖԱՖ-ի երկրպագուական շարժման ներկայացրած պահանջների մասին: ՀՖՖ նախագահը նշեց, որ ըստ իրեն՝ ՖԱՖ-ի 90 տոկոսն ազնիվ երկրպագուներ են: Կան մի քանի անհատներ, ովքեր քաղաքական ինտրիգներից ելնելով՝ շեղում և ապակողմնորոշում են երկրպագուներին:

Ռ. Հայրապետյանը մանրամասն խոսեց երկրպագուների ներկայացրած պահանջների մասին:

Առաջին պահանջը վերաբերում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պրոֆեսիոնալ և խարիզմատիկ մարզչին: Հայրապետյանը նշեց, որ աշխարհում թվով 400 բարձրակարգ մարզիչ կա, ովքեր Պրո մարզչական արտոնագիր ունեն, ու նրանցից 13-ը Հայաստանում են: Այս 13-ից ընդամենը երկու-երեքն են աշխատում՝ որպես գլխավոր մարզիչ:

Կարդացեք նաև

FAF10

Ռ. Հայրապետյանը բերեց Գվարդիոլայի, Լուիս Էնրիկեի օրինակները, ովքեր պրոֆեսիոնալ չեն եղել, սակայն իրենց լավ աշխատանքի շնորհիվ կարողացել են լուրջ արդյունքներ գրանցել: Նրանց ոչ ոք խարիզմատիկ չի համարել: Ըստ Հայրապետյանի՝ ոչ մի մարզիչ հաջողություն չի ունենա, երբ ֆուտբոլիստներն իրենց այսպես են պահում: Առաջին հերթին՝ պետք է վերադարձնել կարգուկանոնը, այնուհետև մեղքը բարդել մարզչի վրա: Մարզչի հարցը քննարկվում է, ուսումնասիրվում են տարբեր տարբերակներ: Ռուբեն Հայրապետյանի անձնական կարծիքով՝ ճիշտ կլինի, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը հայ լինի:

Խոսելով երկրպագուների ներկայացրած երկրորդ պահանջի մասին, որը վերաբերում էր ոչ ֆուտբոլային պահանջներով հավաքական չհրավիրվող ֆուտբոլիստներին, Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ չի կարծում, թե բոլոր ֆուտբոլիստներին պետք է հրավիրել ազգային հավաքական, ու բերեց Դենիս Թումասյանի օրինակը: Թումասյանը 10-15 անգամ մերժել է ՀՖՖ-ի տարբեր առաջարկները: Նույն խնդիրը կա նաև Յուրչենկոյի հետ կապված, սակայն, ըստ ՀՖՖ նախագահի, իրենք մինչև վերջ պատրաստ են պայքարել Յուրչենկոյի համար, քանի որ կա դարպասապահի շատ լուրջ խնդիր:

Ռ. Հայրապետյանը խոսեց նաև այն մասին, որ ինքը, ըստ երկրպագուների, միջամտում է մարզչի գործողություններին: ՀՖՖ նախագահը նշեց, որ իր կողմից անբարոյականություն կլինի մարզչի տակտիկայի մեջ խառնվելն ու որոշումներ փոխելը, սակայն, որպես ՀՖՖ նախագահ, իր պարտականությունների մեջ է մտնում կարգուկանոն հաստատելն ու հարկ եղած դեպքում՝ ֆուտբոլիստներին պատժելը:

Երկրպագուների երրորդ պահանջի հետ Ռ. Հայրապետյանը մասամբ համաձայն է: Հաշվի առնելով երկրի տնտեսական ծանր վիճակն ու մարդկանց սոցիալական հնարավորությունները, ֆուտբոլային խաղերի տոմսերը, իրոք, թանկ են: Այս հարցը քննարկվում է ՀՖՖ-ում: Որպես այս ամենի հակադրություն՝ Ռ. Հայրապետյանը շեշտեց Պորտուգալիայի խաղը, երբ մարզադաշտը լեփ-լեցուն էր: Տոմսերի գներից բողոքող և Պորտուգալիայի հետ խաղին գնացող երկրպագուներին Հայրապետյանը որակեց՝ որպես Պորտուգալիայի հավաքականի երկրպագուներ:

Ռ. Հայրապետյանը նշեց, որ ՖԱՖ-ին առաջարկել է տոմսերը տրամադրել 1000 դրամով, բայց երկրպագուների հետ համաձայնեցնելով՝ որոշվել է տրամադրել 1000 տոմս 2000 դրամով:

Ռուբեն Հայրապետյանը շատ չբացեց փակագծերը, սակայն նշեց, որ մի ֆան շարժմանը տրամադրվում է 1000 տոմս՝ այն դեպքում, երբ 3 ֆան ակումբները միասին չեն էլ կազմում 1000 հոգի: Հայրապետյանը շեշտեց, որ գիտի, թե ինչ են արվում այդ տոմսերը, սակայն լռում է:

Ինչ վերաբերում է «Առաջին հայկական ճակատի»՝ ՖԱՖ-ի հետ հանդիպելուն, Հայրապետյանը նշեց, որ բացառում է այդ տարբերակը: ՀՖՖ նախագահի խոսքերով՝ ինքը կհանդիպի ՖԱՖ-ի հետ միայն այն դեպքում, երբ իրենք ներկայանան իրենց պատվիրատուների հետ:

«ՖԱՖ-ն ինձ չի հետաքրքրում, կարող են ամեն օր էլ ցույցեր անել: Մենք ավելի լուրջ խնդիրներ ունենք լուծելու»,- նշեց Ռ. Հայրապետյանը:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս