«Սու-24»-ի կործանումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Վլադիմիր Պուտին
Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի մասին, հայտնում է LifeNews-ը:
«Ինքնաթիռն ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի հետ սահմանից 4 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը գտնվել է օդում՝ 6000 մետր բարձրության վրա, գտնվել է Թուրքիայից 1 կմ հեռավորության վրա, երբ ինքնաթիռի վրա հարձակում է իրականացվել:
Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից արձակված հրթիռի կողմից ու ընկել է սիրիական տարածքում»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական «Սու-24»-ի կործանումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Մենք, իհարկե, ուշադիր կվերլուծենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել: Ու այսօրվա ողբերգական իրադարձությունը լուրջ հետևանքներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- ասել է Պուտինը: