Բաժիններ՝

Հրատարակվել է հայկական ջազի 75-ամյա ամփոփ պատմությունը՝ «Հայկական ջազի անթոլոգիան»

Այսօր «Մալխաս» ջազ-ակումբում տեղի ունեցավ   «Հայկական ջազի անթոլոգիա» գրքի շնորհանդեսը, որին մասնակցող լրագրողների հետ հանդիպման ընթացքում ջազմեն Լևոն Մալխասյանը (Մալխաս) ներկայացրեց «ArmJazz 75» է շրջանակներում հրատարակված հայկական ջազի պատմությունը ներկայացնող լայնածավալ աշխատության մասին, որի հեղինակն է նաև ինքը. «Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր անթոլոգիայի գաղափարի ստեղծման օրից երկու տարի շարունակ համբերատար եղել են մեր կողքին, և ես ուզում եմ, առաջին հերթին՝ հատուկ ընդգծել «Գազպրոմ Արմենիա» ընկերության անունը, որի ներկայացուցիչներն ահա այստեղ են և կներկայացնեն նախագծի մանրամասները»:

Հայկական ջազի պատմության 75 տարիների ընթացքում ազգային երաժշտության մշակույթը կուտակել է բարձր գեղարվեստական արժեք ունեցող և ջազի տարրեր պարունակող զգալի թվով ջազային և էստրադային ստեղծագործություններ: Հայ երաժիշտների կողմից բազմաթիվ ձայնագրությունների թվում կարելի է հանդիպել ջազային ոճի ամենատարբեր դրսևորումներ՝ ջազային դասական, հեղինակային ջազ, Հանրաճանաչ հայկական մեղեդիների ջազային մշակումներ, և այլն:

Presentation of disc-anthology 'Armenian Jazz-armjazz 75' took place at Malkhas Jazz Club

Presentation of disc-anthology 'Armenian Jazz-armjazz 75' took place at Malkhas Jazz Club

Կարդացեք նաև

Հանդիպմանը ներկա ջազային երաժիշտ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն ընդգծեց, որ այս անթոլոգիան պայմանավորված է ժամանակի պահանջով, հնարավորինս ամբողջական ներկայացնում է Հայաստանի երաժիշտների ջազային կատարումների վերոհիշյալ բոլոր դրսևորումները. «Սա նշանակալի իրադարձություն է հայկական ջազի պատմության մեջ, որովհետև ջազային երաժշտությունը, լինելով շատ ինքնամփոփ, ամենաբարձիթողի և ինքնուրույն զարգացած երաժշտության տեսակը մեզանում,  վերջապես հնարավորություն ունի իր 75-ամյա գործունեության ընթացքը ներկայացնել մի ամփոփ աշխատության մեջ, և թող չափազանցություն չթվա՝ համայն մարդկության ջազսիրողներին: Ջազը երաժշտության մեջ այն բնագավառն է, որ նույնիսկ իր դրսևորման ամենածանրագույն դրսևորումներում սփռում է միայն բարություն»:

Presentation of disc-anthology 'Armenian Jazz-armjazz 75' took place at Malkhas Jazz Club

Presentation of disc-anthology 'Armenian Jazz-armjazz 75' took place at Malkhas Jazz Club

Անթոլոգիայում տեղ են գտել 109 կատարումներ, որոնք բաժանված են երեք խմբի՝ հեղինակներ (հայ հեղինակների ստեղծագործությունների ընտրանի), կատարողներ, նվագախմբեր և խմբեր: Գրքին կից թողարկվել են նաև թվով 10 խտասկավառակներ, որոնք ընդգրկում են հայկական ջազի ստեղծման տարեթվից պահպանված և մինչ այսօր ստեղծված ջազային ստեղծագործություններ՝ հիմնականում ստուդիաներում արված համերգային կատարումների ձայնագրությունների տեսքով: Խտասկավառակներում ներկայացված են նաև մեր հայրենակիցների՝ խորհրդային շրջանի ականավոր ջազային ներկայացուցիչների կատարումներ:

Անթոլոգիայի հեղինակ Լևոն Մալխասյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում՝   կեսլուրջ-կեսկատակ «զգուշացրեց». «Չեմ բացառում, որ այստեղ կարող են լինել նաև բացթողումներ, հնարավոր է, որ այստեղ ներկայացված են ջազային ոչ բոլոր արժանի երաժիշտներն ու կատարումները: Դրանք տարբեր պատճառներ ունեն, այդ թվում՝ նաև տեխնիկական բնույթի, ձայնագրությունների բացակայության կամ կորստի պատճառներով: Ամեն դեպքում, այս անթոլոգիան ունի անվիճելի առավելություններ՝ այստեղ ներկայացված են ջազային տարբեր ոճերի կատարումների հիանալի նմուշներ՝ մեյնստրիմ ջազ, լատինո ջազ, ֆանք ջազ, ֆյուժն, էթնո ջազ և այլն»:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «TM» ընկերության տնօրեն  Թոմ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ անթոլոգիայի ստեղծման ճանապարհին հայկական ջազի 75-ամյա պատմությունը վերհանելու ճանապարհին օգնության են դիմել ոլորտի հայտնի երաժիշտներին՝ Մարտին Վարդազարյանին, Վահագն Հայրապետյանին, Արմեն Հյուսնունցին: Ըստ Թ. Մարտիրոսյանի՝ ջազային պատմության և ավանդույթների համապարփակ ներկայացման հարցում մեծապես օգտվել են նաև Հանրային ռադիոյի արխիվային նյութերից և այնտեղ պահպանվող ձայնագրություններից: Պարոն Մարտիրոսյանն ուրախությամբ հայտնեց նաև այն մասին, որ «Հայկական ջազի անթոլոգիան» արդեն իսկ հասցրել է ուշադրության արժանանալ երկրի սահմաններից դուրս, և դրանից մի օրինակ ունի արդեն աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրը, որին նվերը հանձնվել է այս տարի՝ Կաննում անցկացվող միդեմյան օրերին:

Հայկական ջազի եռալեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն անթոլոգիան հրատարակվել է սահմանափակ թվով, այն վաճառքի համար չէ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց հանդիպման մասնակից «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և լրատվության բաժնի պետ Շուշան Սարդարյանը: Վերջինս տեղեկացրեց նաև, որ հանրության լայն շրջանակների համար անթոլոգիայում ներկայացված ողջ ինֆորմացիան մինչև Ամանոր հասանելի կլինի նաև վեբ կայքում, որի նախապատրաստական աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են:

Տեղեկացնենք, որ «Հայկական ջազի անթոլոգիան» պատրաստվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ համատեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս