
Հոսպիտալ տեղափոխված Ա.Հակոբյանը հարցաքննվել է որպես տուժող. ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար

Զինծառայող Ա.Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Քրեական գործով որպես վկա հարցաքննվել են համածառայակիցները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են անհրաժեշտ փաստաթղթեր:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ հանձնարարություն է տրվել համապատասխան ծառայությանը:
Ա.Հակոբյանի մոտ զորամասից հոսպիտալացվելիս և ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ ընդունվելիս մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:
Ա.Հակոբյանը հարցաքննվել է որպես տուժող: Վերջինս հայերեն գրավոր խոսքին չտիրապետելու պատճառով ցուցմունք է տվել թարգմանչի, ինչպես նաև` քրեական գործով տուժողի ներկայացուցիչ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպության իրավաբան Ա.Մելիքյանի ներկայությամբ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու համար: